Կարինե Սարգսյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն։ Այս մասին հայտնում են Հիմնադրամի լրատվության բաժնից։
Կարինե Սարգսյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հրաշալի թիմին, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։
Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»։
Միասին՝ հերոսի կողքին»,- ասված է ուղերձում։
Հիմնադրամի նորանշանակ տնօրենը Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյ նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Այդ պահից ի վեր Կարինեն զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը։
ԶԱՀ-ի մասին
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» անկախ և ապաքաղաքական կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։