«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորները մեղադրում են Երևանում բողոքի անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներին բախումներ սադրելու և ոստիկանության աշխատակիցներին սպառնալու համար: Նրանց հայտարարություններում անդրադարձ չկա լրագրողների և քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:
«Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողները սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։
Տեսանք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն ակցիայի մասնակիցները հայհոյում և սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։ Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Այդ կարծիքին է նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։ Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կողքին է։
Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու և զսպվածության համար։ Սիրելի՛ օրինապաշտ քաղաքացիներ, Ոստիկանությունը ձեր կողքին է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնջորյանը։
Երկու պատգմավաորները, որոնք լիազորված են խոսել ՔՊ խմբակցության անունից, նշում են, որ կատարվողը տեղավորվում է ժողովորդավարության տրամաբանության մեջ և այն անշրջելի է:
«Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովրդի կամքը անսասան է», - կարծում է Հայկ Կոնջորյանը։
Նշենք, որ Երևանի տարբեր հատվածներում այսօր, մայիսի 2-ին, 14։00–ի դրությամբ ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել քաղաքացիական անհնազանդության ակցիաների 244 մասնակիցներ:
Ոստիկանությունը մայիսի 2-ից առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ: Ուժ է կիրառվել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, որի վերաբերյալ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ժուռնալիստների միությունը:
Քաղաքացիները բերման են ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի: