22.11.2024
Խոստորեն դատապարտում ենք լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը. ՀԺՄ
prev Նախորդ նորություն

Չհամարձակվե´ք մյուս անգամ. Արման Թաթոյանը դիմել է ՊՊԾ պետին ու իր ենթականերին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դիմել է պետական պահպանության ծառայության պետին ու իր ենթականերին.

"Չհամարձակվե´ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ:

Դա օրենքի կոպիտ խախտում է և դուք դրա իրավունքը չունեք: Վերջ:

Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով:
Ոստիկանների կամ հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից ուղղակի պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում: Դա օրենքով խստիվ արգելված է:

Ու առհասարակ, պետք է բացառվի կարգավիճակից դուրս, հետևաբար՝ օրենքը խախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքացու նկատմամբ որևէ տեսակի անհարգալից վերաբերմունք կամ վիրավորանք:

Ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործել իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես:

Քաղաքացիներին խնդրում եմ` եթե տեսնում եք, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Դա պետության գործառույթն է և մասնավորապես՝ Ոստիկանության խնդիրը:

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ էլ խնդրում եմ բացառել վիրավորանքը, արժանապատվությունը վիրավորող խոսքերը ոստիկանների հետ հարաբերություններում: Դա ավելի է լարում մթնոլորտը",- գրել է Թաթոյանը Facebook-ի իր էջում:


Ավելի վաղ VERELQ-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ՊՊԾ պես Սարգիս Հովհաննիսյանը հարվածներ հասցնում քաղաքացիներին ու լրագրողներին: