Չպետք է պատրանք լինի, որ Փաշինյանի հեռացումը բոլոր խնդիրների լուծումն է տալու. Չալաբյան
Մարդկանց հիմա հետաքրքրում է ոչ միայն Փաշինյանի հեռանալը, այլ նաև, թե ինչ է լինելու հետո, որ մենք նրա հեռացումով չվերադառնանք անցյալին, որպեսզի անցյալում առկա խնդիրները նորից նույն տեսքով չվերադառնան. այս մասին Ազատության հրապարակում ապրիլի 28-ին ասաց Ավետիք Չալաբյանը:
«Մեր երկիրը համակարգային ճգնաժամում է հայտնվել, և մենք պետք է կարողանանք համակարգային լուծում տալ: Չպետք է պատրանք լինի, որ Փաշինյանի հեռացումը միայն բոլոր խնդիրների լուծումն է տալու, ոչ, դա միայն ճանապարհ է տալու խնդիրների լուծման համար» ,- ասաց նա՝ հավելելով.
«Այս իշխանությանը խաղաղ ճանապարհենք և նոր կառավարություն կառուցենք, նրանց հեռանալը պետք է լինի սահմանադրական անցնցում ճանապարհով, որ մեր երկիրը լրացուցիչ վտանգների առջև չհայտնվի»։
Ըստ նրա՝ լավագույնը կլիներ այն, որ նա հրաժարական տար, գուցե ինքնակամ հրաժարական չտա: Մյուս ճանապարհը ԱԺ-ում է․
«Փաշինյանի և նրա կառավարությանը անվստահություն հայտնելու ճանապարհն է։ Դրա համար ԱԺ-ում նոր մեծամասնություն պետք է ձևավորվի։ Այդ նոր մեծամասնությունը ձևավորվում է, եթե ներկայիս մեծամասնության 20 պատգամավորներ դուրս գան ՔՊ կազմից, ստեղծեն նոր խմբակցություն կամ խմբակցություններ, մտնեն համապատասխան քննարկումների մեջ խորհրդարանի այսօրվա ընդդիմության հետ և միասին ձևավորեն նոր կառավարող կոալիցիա, որը հնարավորություն կունենա Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնել։ Պետք է գան այն գիտակցման, որ Փաշինյանի կառավարությունն անհեռանկարային է և չի սպասարկում մեր երկրի շահերը։ 20 մարդու ձեռքում է գտնվում ՀՀ-ի ապագան և ՀՀ-ում եղած ճգնաժամի անարյուն, խաղաղ, սահմանադրական հանգուցալուծումը»։