23.11.2024
Լիբերմանը Բաքվում է. ՀՀ դեսպանի վերադարձը Թել Ավիվ՝ թուրք-իսրայելական շահի սպասարկո՞ւմ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գլխավոր դատախազը կգնա երրորդ ճանապարհով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականի սեպտեմբերից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը կանգնել է երկընտրանքի առաջ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները պահանջում են նրանից, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչն անելն իհարկե կարող է հղի լինել իր համար վտանգներով: Ուստի, շրջանառվող լուրերի համաձայն, Դավթյանը կգնա երրորդ ճանապարհով` ոչ կմերժի զոհվածների հարազատների պահանջը, ոչ էլ կբավարարի, այլ զուտ ժամանակ կձգի: Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարման վեց տարին լրանում է սեպտեմբերին, հետեւաբար նրան պետք է ձգել եւս մի քանի ամիս ու «գլուխը պրծացնել», մանավանդ, որ ըստ շշուկների` դատախազությունում արդեն իսկ կատաղի պայքար է գնում գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն երեք օր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Զոհվածների ծնողները սպասում են նախաքննական մարմնի պատասխանին, որը դեռես լուռ է, սակայն երկու օրից պետք է տա հստակ պատասխան՝ կա՛մ զոհվածների հարազատների միջնորդությունը բավարարում է, կա՛մ ոչ : «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդոթյան հարցը հետաձգի՝ նշելով, թե կա որոշակի փաստերի ստուգման գործընթաց, որի հետազոտման արդյունքում նոր կարող են որոշում կայացնել: Ասել է թե՝ զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժի նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարի: Ի Վերջո, ինչ որոշման կգնան, դեռեւս պարզ չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաեւ առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ եւ 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղեւորությանը, պարզվում է, մասնակցել է նաեւ Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաեւ ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։ Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաեւ հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երեւի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաների կուլմինացիան հայտարարվել է, որ տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք, սակայն սա ոչ թե հայտարարված պայքարի վերջն է, այլ, կարծես թե, վճռական սկիզբը: «Իրավունքը» պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի դիմումը` մայիսի 2-ին` ժամը` 22.00-ից մինչեւ մայիսի 9-ը` ժամը` 23.00-ն Ազատության հրապարակում հավաքների անցկացման վերաբերյալ: Իսկ վրանների տեղադրումը կրկին մերժվել է: «Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար Կարեն Արայանը եւս դիմել է քաղաքապետարանին` շուրջօրյա հանրահավաքներ իրականացնելու համար` մինչեւ մայիսի 20-ը: Լույսիբանակցիները նախատեսում են «Բարեկամություն» մետրոյի կայարանի հարակից տարածքից` Բաղրամյան պողոտա-Սարյանի արձանի հարակից տարածք երթուղով երթեր եւ Սարյանի արձանի հարակից տարածքում հավաքներ անցկացնել: Ի դեպ, ձեռքները ծալած չեն նստելու նաեւ «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն: Նրանց հանրահավաքների համար մշտապես քաղաքապետարանին դիմում ներկայացնող Հովհաննես Հովհաննիսյանը իրազեկել է, որ մինչեւ մայիսի վերջ հանրահավաքներ ու երթեր են անելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեւանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»․ նախօրեին հայտարարեց հակաիշխանական պայքարի առաջնորդներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Շուրջ երկու շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով մայրաքաղաքում եւ մարզերում պայքարի դուրս եկած խմբերը մայիսի 1-ին մեկտեղվելու են մայրաքաղաքում։ Խոսքը հատկապես Արթուր Վանեցյանի, «Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի մասին է: Պայքարին մյուս ուժերից մասնակցում են «5165» եւ Ազատագրական շարժումները: Ենթադրվում է, որ մեծ հանրահավաքն անցկացվելու է Հանրապետության հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմադիրներն այդ օրը հավաքվածներին սովորականի պես տուն չեն ուղարկելու եւ անհնազանդության նոն-ստոպ պայքարի կոչ են անելու, փորձելու են կաթվածահար անել բնականոն կյանքը եւ այդպիսով հասնել իշխանությունների հրաժարականին, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ եթե խաղաղ փողոցային պայքարի այս փուլն ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի, որն առայժմ չեն գաղտնազերծում: Ի դեպ, ընդդիմության առաջատարներն անգամ տվյալ օրվա անելիքների ողջ ծավալի մասին պատկերացում չունեն` ամեն մեկն իր անելիքի մասով է տեղեկացված: Մեզ ասացին, որ պայքարի նոր լիդերներ էլ են ասպարեզ դուրս գալու, որոնք առայժմ սպասում են դեպքերի զարգացումներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեր տեղեկություններով, քննարկել են՝ ընդդիմադիրներին դիմադրություն ցույց տալու համար արժե փողոց դուրս գալ: Տեղեկությունը ճշտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ կապ հաստատեցինք: «Խմբակցության մակարդակով նման հարց չի քննարկվել, հետեւաբար նման տեղեկության չեմ տիրապետում: Որպես կուսակցական էլ նման ինֆորմացիա չունեմ»: Մեր դիտարկմանը, թե իշխանականները ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը հենց հնարավոր է հակընդդեմ ցույց կազմակերպեն, Աղազարյանն արձագանքեց. «Այդ օրը վաղն է. եթե նման բան լիներ, ապա միջոցառումների մասին նախապես բոլորս էլ կիմանայինք»:  Այնուամենայնիվ, եթե քաղաքական իշխանությունը որոշի իր հզորությունը ցույց տալու համար փողոց դուրս գալ, ապա քաղաքացիական բախումները անխուսափելի կլինեն, ինչը հատկապես կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի շահերից չի բխում հաստատ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ձեւավորած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում։ Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 11-ին, հայտնի դարձավ, որ Դավիթ Հակոբյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ։ Հակոբյանի մասին ասում են, որ հանձնաժողովի եզակի պրոֆեսիոնալներից է, ավարտել է Սորբոնի համալսարանը, Անգլիայում հավատարմագրված փաստաբան է, միջազգային փորձագետ։ Մինչդեռ նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերացնելու մասին: Հանձնաժողովի աշխատանքը համակարգելու է հանձնաժողովի անդամներից մեկը` ռոտացիոն սկզբունքով` 3 ամիս ժամկետով, նշված է որոշման մեջ։ Տեղեկություններ կան, որ Հակոբյանը չի ցանկացել աշխատել իշխանության խաղի կանոններով, այլ առաջնորդվել է մասնագիտական սկզբունքներով, ինչի պատճառով էլ բարեփոխումների խորհուրդը, որի անդամներն իշխանամերձ իրավաբաններ եւ սորոսականներ են, որոշել է վերացնել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ համակարգումը դնել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վրա։ Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ մեր լրագրողին ասել է, թե իրականում նախագահի պաշտոնը վերացնելու առաջարկով հանդես է եկել ինքը՝ Հակոբյանը, իսկ խորհուրդը, «իր հիշելով», միաձայն որոշում է ընդունել։ «Եթե չեմ սխալվում, հենց Հակոբյանն է ընտրվելուց հետո նման առաջարկ արել խորհրդին»,- ասել է Իոաննիսյանը: «Հանձնաժողովը տարբեր մասնագետներից է ձեւավորված․ մեկը՝ սահմանադրականի, մեկը քաղաքացիականի մասնագետ է, որպեսզի տարբերություն չդնեն, բոլորը ռոտացիայով նախագահ լինեն»։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգին, ապա Իոաննիսյանն ասել է, որ, իր հաշվարկներով, լավագույն դեպքում այն պատրաստ կլինի տարեվերջին․ «Հիմա կազմակերպչական աշխատանքներ ենք անում, քննարկում ենք, թե ինչ էֆեկտիվ ձեւերով հանրությանը ներգրավենք այդ աշխատանքներին։ Հրայր Թովմասյանի ժամանակներն անցել են, որ գաղտնի հայեցակարգ մշակենք»։ Դիտարկմանը, որ անկախ իրավաբան գիտնականներն անգամ չցանկացան իշխանության այդ կառույցում աշխատել, ինչի պատճառով էլ նախորդ հանձնաժողովը լուծարվեց, հիմա իշխանությունը յուրայիններով է համալրել այն, ո՞վ պետք է առաջարկներ ներկայացնի, պատասխանել է․ «Ներողություն, բայց մենք հիմա ունենք հանձնաժողովում իրավաբան գիտնականներ, ու աշխատում են շատ լավ։ Դուք սխալվում եք, թե մենք այս ամենն անում ենք, որ ձեռք տա իշխանություններին, եթե այդպես լինի, հանրաքվեին կողմ չեն քվեարկի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի գլխավոր դատախազը երեկ ԱՀ խորհրդարանում հաստատել է մեր այն տեղեկությունները, որ ԱՀ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն անձամբ առնչվում է խարդախության գործին։ Խոսքն ամիսներ առաջ տեղահանվածների հարցով հարուցված քրեական գործի մասին է: Ըստ մեղադրանքի՝ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Դրանք բնակարանից պատերազմի հետեւանքով տուժած անձանց համար նախատեսված փոխհատուցումներն են։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ նա է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը` ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել։ Դատախազը երեկ, ի պատասխան պատգամավորների հարցերին, ասել է, որ Խանումյանին այս տարվա ապրիլի սկզբին մեղադրանք է առաջադրվել։ Ուշագրավը, սակայն, այն է, որ Խանումյանը շարունակում է նախարարի պաշտոնում մնալ, նրա պաշտոնավարումը չի կասեցվել։ Դատախազն այս առիթով ասել է․ «Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցին, ապա այս դեպքում դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով՝ առհասարակ նախարարությունում կամ տվյալ անձին մեղսագրվող արարքի հանգամանքները ներկայացնելու ձեւով: Այդպիսի միջնորդագիր հանրապետության նախագահին ներկայացվել է դեռեւս մարտ ամսին, ընդ որում` ավելի մանրակրկիտ եւ ավելի մեծ սպեկտրի մեջ ներառելով, քան նախարարին մեղսագրվող արարքն է»։ Դատախազն ավելացրել է, որ կարծում է՝ առաջիկայում որոշում կընդունվի այդ առնչությամբ: Մինչդեռ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին թույլ չի տալիս կասեցնել Խանումյանի գործունեությունը, քանի որ վերջինս այդ պաշտոնում է նշանակվել սորոսականների պահանջով։Ստացվում է՝ մի դեպքում կոնկրետ չարաշահումներ արած նախարարին պահում են, մյուս դեպքում դեռեւս չապացուցված մեղադրանքով խայտառակեցին ու ձերբակալեցին ազգային հերոսի կոչում ունեցող ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը, որի հիմնական զեկուցողը կլինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Փաթեթում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվություններին, եւ այժմ նախատեսվում է մշակել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների եւ ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման գործառույթի իրականացումն ապահովող մոտ 15 ենթաօրենսդրական նորմատիվ եւ լոկալ իրավական ակտ: Ներկայումս ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով՝ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը: Նախագծով առաջարկվում է տարեկան հաշվետվությունների ստուգման համար սահմանել 30-օրյա ժամկետ՝ որպես վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկվանից ճագարներ են հայտնվել։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ավտոպարկը թարմացնելուց զատ՝ նաեւ ֆերմա հիմնել` ճագարներ բազմացնել։ Մինչ այս ԱԺ այգում կենդանական աշխարհից սկյուռների կարելի էր հանդիպել, հիմա՝ նաեւ ճագարների։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ճագարները ձեռք են բերվել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի անձնական միջոցներով, դրանք 7-ն են։ «Քանի որ այս պահին ԱԺ այգում իրականացվում են լանդշաֆտային փոփոխություններ, կանչապատում, այդ ճագարները դիտվելու են որպես դեկոր։ Դրանք նաեւ հունիսի 1-ին մանուկների համար նախատեսվող միջոցառման շրջանակներում են բերվել այգի»։ Քանի որ ճագարներն արագ են բազմանում, վտանգ կա, որ հետագայում այգուց կտեղափոխվեն շենք եւ առանձին ֆրակցիա կձեւավորեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում արշալույսները խաղաղ չեն․ նախօրեին կրկին քաշքշուկ է տեղի ունեցել համայնքապետի, նրա կողմնակիցների եւ ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանի միջեւ։ Վերջինս պարբերաբար անդրադառնում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի բացթողումներին։ Ղուլունցը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ Միջադեպի պատճառը եղել է այն, որ Զեյնալյանը հանդիպել է նորանշանակ մարզպետ կալավանցի Ռոբերտին եւ ներկայացրել համայնքում տիրող իրավիճակը։ «Մարզպետին ասել եմ, որ թող թոշակառուներից ազատվի, ջահելներին նշանակի, մենք էլ ենք ուզում աշխատենք։ Համայնքային պաշտոններում Ղուլունցը իր քեռուն, մորը եւ այլ ծանոթ-բարեկամների է նշանակել»,- պատմեց Զեյնալյանը: «Ես, իհարկե, մարզպետի մոտ անուններ չեմ տվել, բայց իր գեղմասվարը՝ Սուրիկը եկավ, թե խի՞ ես ինձնից բողոքել` քաշքշուկ եղավ, սեռական հայհոյանքներ, ներկա էր իր տեղակալ Արմիկը Միրզոյան, ինքը՝ Դավիթ Ղուլունցը»։ Զեյնալյանն ասաց, որ ոստիկանություն չի դիմել, հացադուլ է հայտարարել համայնքապետարանի ծառի տակ՝ համայնքապետի հրաժարականի պահանջով․ «Ինձ ասում է հոգեկան, խնդրում եմ՝ հետաքննություն արեք եւ պարզեք՝ ով է հոգեկանը՝ ե՞ս, թե՞ Ղուլունցը, որը բանակում չծառայելով՝ կանտուզիայի թոշակ է ստանում: Ի՞նչ հիմքով` թող պարզեն, իր թիկունքն իր քեռին է, մտածում է, թե ինքն անպարտելի է։ Իր եղբայրն էլ ինձ սպառնում է՝ որտեղ ես եմ, դու չպիտի լինես, ինչ է թե մարզպետի մոտ բարձրաձայնել եմ նաեւ իրենց հանքերի մասին»։ Մեր զանգերին Ղուլունցը երեկ չպատասխանեց»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը: Ի նշան բողոքի՝ ծովագյուղցիները պարբերաբար փողոց են փակում:  Ծովագյուղի գյուղապետ Վահան Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նա նշեց, որ ե՛ւ Սեմյոնովկայի, ե՛ւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում են միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին: Թե ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ, բայց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ»: