Լիբերմանը Բաքվում է. ՀՀ դեսպանի վերադարձը Թել Ավիվ՝ թուրք-իսրայելական շահի սպասարկո՞ւմ
Իսրայելը "ծանր հրետանի" է ուղարկել Ադրբեջան: Նախկին արտաքին գործերի, այնուհետև՝ պաշտպանության, իսկ այժմ ֆինանսների նախարար Լիբերմանի այցը Բաքու խորհրդանշական է մի շարք հանգամանքներից ելնելով: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
"Նախ՝ հենց Լիբերմանն է 2016 թ. առաջ քաշել Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման գաղափարը՝ վերածելով այն լիարժեք ծրագրի:
Երկրորդ՝ հենց Լիբերմանի նախաձեռնությամբ է սկսվել թուրք-իսրայելական երկխոսության նոր որակական փուլը: Այն այսօր արդեն հասել է այն վիճակի, որ Թել Ավիվն է որոշում՝ ով պետք է հատի Թուրքիայի սահմանը, ով՝ ոչ, ով պետք է մնա Թուրքիայի տարածքում, իսկ ով՝ լքի: Խոսքը նախևառաջ Թուրքիայից ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների արտաքսման մասին է, որը տեղի ունեցավ օրերս:
Սակայն ինչո՞վ է Լիբերմանի այցը հետաքրքիր ու կարևոր Հայաստանի համար: Այն, որ Իսրայելը նպատակ է դրել Թուրքիայի ու դրա խամաճիկի՝ Բաքվի միջոցով ամրապնդվել Հարավային Կովկասում, կարծում եմ, բոլորիս հայտնի է: Նպատակները երկուսն են՝ հակաիրանական պլացդարմի ձևավորումը և Ռուսաստանի ազդեցության նվազեցումը տարածաշրջանում: Այն, որ Իսրայելը ինքնուրույն աշխարհաքաղաքական ակտոր չէ, ևս ակնհայտ է: Մեծ հաշվով, տեղի ունեցողը "անգլոսաքսոնական աշխարհ" ու "ռուսական Եվրասիա" գաղափարախոսությունների միջև ընթացող մրցակցության արգասիքներից է:
Ու այս առումով հատկանշական է, որ վերջերս՝ ս.թ. ապրիլի սկզբերին, մեկուկես տարվա ընդմիջումից հետո, Իսրայելում ՀՀ դեսպանը վերադարձավ Թել Ավիվ՝ իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Հերցոգին: Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ Հարավային Կովկասի առանցքային դերակատարները՝ Մոսկվան ու Թեհրանը առավել քան կոշտ հայտարարություններ են հնչեցնում իսրայելական/սիոնիստական ռեժիմի հասցեին, Երևանի նման արկածախնդրային պահվածքն ընկալվում է այդ մայրաքաղաքաներում բացառապես թուրք-իսրայելական շահի սպասարկման համատեքստում:
Հ.Գ. Լիբերմանի այցի օրակարգային հարցերից էր Զանգելանում իսրայելա-իտալա-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը: Խոսքը, սակայն, գնում է համատեղ.... կաթի արտադրություն սկսելու մասին: Քաղաքականությունը քաղաքականություն, բայց խոշոր կապիտալը դեռևս չի շտապում մեծ ներդրումներ անել Ադրբեջանին հանձնված տարածքներում՝ առայժմ սահմանափակվելով հուշագրերով ու հայտարարություններով:
Խոշոր կապիտալը պրագմատիկ է: Ուշադիր հետևեք խոշոր կապիտալի վարքագծին",- գրել է փորձագետը: