23.11.2024
Վրաստանում կանխել են Հայաստան եկող գազատարի պայթեցումը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հարկային նոր օրենսգրքը միջգերատեսչական հակամարտության պատճառ է դարձել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բիզնես շրջանակների դժգոհությունն առաջացրած Հարկային նոր օրենսգրքի լրամշակման գործընթացը միջգերատեսչական հակամարտության պատճառ է դարձել։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ն այնպիսի խնդրահարույց լրամշակումներ է ներկայացրել օրենսգրքում, որոնց կիրառման ձեւն արդարադատության նախարարությունը չի գտնում, դրանք հակասում են մի շարք օրենքների։ Բանն այն է, որ աղմկահարույց օրենսգիրքը պետք է ներկայացվի կառավարության նիստի հաստատմանը, որպեսզի մտցվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, ժամկետը սուղ է, եւ առնվազն հաջորդ հինգշաբթի փաթեթը պետք է կառավարությունում լինի, որ հետո քննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովում, ապա ներառվի սեպտեմբերի 12-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ: Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: «Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել: «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգեւորված ենք»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը: Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»: Ստացվում է` այդ փաստն ամենեւին էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանի հնաբնակներից է: Պատգամավորի աթոռին նա նստել է բոլորի օրոք` 1995 թվականից սկսած: Եւ ամենակարեւորն այն է, որ նա մշտապես եղել է իշխող խմբակցության շարքերում: Օրինակ՝ 1995-ին, երբ նա առաջին անգամ դարձավ պատգամավոր, լինելով անկուսակցական, իշխող Հանրապետություն խմբակցությունում է ընդգրկված եղել: Հետագայում, երբ 1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից առաջ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն, Նաղդալյանն արդեն դարձել էր ՀՀԿ անդամ եւ պատգամավորական մանդատ ստացել «Միասնություն» դաշինքի կազմում: Հաջորդ խորհրդարանական ընտրություններում եւս նա մշտապես եղել է իշխող ՀՀԿ-ի առաջին շարքերում: ԱԺ փոխնախագահը հանրության շրջանում հայտնի է ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում Հայաստանը վարկաբեկած պաշտոնյա, այլ նաեւ պետության հաշվին տարեկան մի քանի միլիոն դոլար վաստակող «բիզնես լեդի»: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն երեք պայմանագրով Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների պետական պատվերներ է ստացել: ԱԺ այս փոխնախագահը եւ նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, մշտապես զբաղեցրել են գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ: Բայց դա չի խանգարել, որպեսզի ամուսինները տարեկան հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ ստանան իրենց պատկանող ընկերություններից, որոնք գործում են բացառապես պետական պատվերով ճանապարհաշինարարական եւ այլ աշխատանքներ իրականացնելու հաշվին: Իսկ ՀՀ Կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ-որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված: Փոխոստիկանապետը նախորդ տարվա սկզբում հայտարարագրել է 2.1 միլիոն դրամ, 2.5 հազար ԱՄՆ դոլար, 3.1 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են համապատասխանաբար՝ 1.85 միլիոն դրամ, 3.15 դոլար, 4.3 հազար եվրո: Նախորդ տարի Վարդան Եղիազարյանը եկամուտ է ստացել աշխատավարձից եւ նվիրատվությունից: Աշխատավարձը կազմել է 5 մլն դրամ: Նա 27.3 միլիոն դրամի համարժեք բնամթերքի տեսքով նվեր է ստացել: Այս դեպքում եւս չի նշվում, թե բնամթերքը կոնկրետ ինչ է եղել: Փոխոստիկանապետի նախորդ տարիների հայտարարագրերից էլ պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ (2014 թ.) նա ունեցել է 1 ամառանոց եւ մեկ բնակարան: Եղիազարյանի կինը՝ Կարինե Միրզոյանը, նախորդ տարի հայտարարագրել է 2.2 միլիոն դրամ, 3 հազար ԱՄն դոլար եւ 3.8 հազար եվրո: Վերջինս եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձից, որը ողջ տարվա համար կազմել է 1.8 միլիոն դրամ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին: Ըստ լուրերի` նա ընդգրկված է լինելու ՀՀԿ-ի Շիրակի մարզի տարածքային կամ, այսպես կոչված, «ռեյտինգային թեկնածուների» ցուցակում: Ենթադրվում է, որ նրան է վերապահվելու Արթիկի տարածաշրջանում իշխանության օգտին քվեներ հավաքագրելու գործառույթը: «Ժողովուրդ»-ը Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: «Չէ, չէ, չէ, նման բան չկա: Նման բան չի կարող լինել»,- մեր հարցմանն ի պատասխան` ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Ի դեպ, ըստ արթիկցիների՝ Ցոլակյանն այս օրերին ամեն ինչ անում է, որպեսզի Արթիկում քաղաքապետ դառնա Մուշեղ Պետոյանը»: