Լրագրողներին հավատարմագրումից զրկելու ինստիտուտն ակնհայտ հետընթաց է. Աշոտ Մելիքյան
Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը վերջին տարիներին խոսքի ազատության ապահովման առումով հետընթաց է ապրել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, խոսելով օրենսդրական ռեգրեսիվ փոփոխությունների մասին, առաջին հերթին նկատի ունի Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք քրեական հետապնդում են նախատեսում այսպես կոչված «ծանր վիրավորանքների» համար։ Նաև բացասական փոփոխությունների թվում նա մատնանշեց վիրավորանքի և զրպարտության համար վարչական տուգանքների կտրուկ աճը։
«Անցյալ տարեվերջին ընդունվեցին նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ, որոնք հիմք հանդիսացան այսօրվա [նախատեսվող] փոփոխությունների համար՝ թույլ տալով պետական մարմիններին հավատարմագրումից զրկել այս կառույցում հավատարմագրված լրագրողներին։ Մենք կարծում ենք, որ սա նույնպես հետընթաց մոտեցում է»,- ասաց նա։
Մելիքյանը նշեց, որ վերջին շրջանում հարցազրույց է վերցրել 10 միջազգային փորձագետից, ովքեր հավաստիացրել են, որ Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լիտվայում, լրագրողին հավատարմագրումից զրկելու ինստիտուտ չկա:
Ընդհանրապես միջազգային փորձն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանը չի համապատասխանում խոսքի ազատության ապահովման միջազգային չափանիշներին։