Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Կամօյլ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար Ա. Գ.-ն, 2021 թվականի հոկտեմբերի 21-ին իր, Պ. Ե.-ի և նշված ընկերության սեփականատեր Կ. Մ.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրը «Կամօյլ» ՍՊԸ գրասենյակում Կ. Մ.-ի ուղղորդմամբ հանդիպել է հիշյալ ընկերության աշխատակցին և նրանից ստացել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 476 000 ՀՀ դրամ կաշառք:
Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ա. Գ.-ին և Պ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պ. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:
Խոշոր չափերով կաշառք տալու համար Կ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: