24.11.2024
Երբ չկա քաղաքական առողջ դիսկուրս՝ ամենը հանգում է դրոշ պղծելու անիմաստ դուխին. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա. դիմել է Փաշինյանին, որ ժամանակ տա իրեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչեւ ս.թ. մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, եւ ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, եւ դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի եւ կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ժամանակ տալ՝ Հակակոռուպցիոն նոր դատարանը ձեւավորելու եւ նոր լքելու պաշտոնը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Ջհանգիրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:


«Հրապարակ» թերթը գրում է.  Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, որոշել էր պատժել բոլոր նախկիններին, մանավանդ՝ նրանց, ովքեր իրեն երբեւէ «ցավեցրել» են, առաջին հանձնարարականներից մեկը եղել է Մարտի 1-ի գործը վերաբացելը եւ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի մեղավորությունն ապացուցելով` դատելը: Գործի քննությունը վերսկսվել է, բայց որոշ ժամանակ անց նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը զեկուցել է վարչապետին, որ Քոչարյանի եւ Սարգսյանի մեղքը հաստատող ապացույցներ ձեռք բերել գրեթե անհնարին է, եւ եթե գործը քննեն ու հասցնեն դատարան, ապա այն դատարանում է փլվելու, այսինքն` արդյունքում ստացվելու է, որ «մաքրելու ենք Քոչարյանին» եւ հերոսացնենք` դարձնելով ընդդիմության առաջնորդը: Փաշինյանը պատասխանել է` քննեք, տարեք դատարան, իսկ եթե ստացվի, որ Քոչարյանին «մաքրենք ու հերոսացնենք»` դարձնելով ընդդիմության լիդեր, ապա դա ամենալավ նվերը կլինի ինձ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք` ես հավերժ կմնամ վարչապետի պաշտոնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը: Չնայած Փաշինյանը ո՛չ Մոսկվա մեկնելուց առաջ եւ ո՛չ էլ հետո չի հանդիպել պատգամավորների հետ, չի ներկայացրել այցի արդյունքները, սակայն հայտարարության տեքստում Արցախի հարցի մասին հպանցիկ հիշատակման փաստը իշխանական պատգամավորներին թույլ է տվել այդ այցը դրական գնահատել` խնդրի կարգավորման առումով։ Բանն այն է, որ շաբաթներ առաջ՝ բրյուսելյան հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ Ղարաբաղի մասին բառ անգամ հիշատակված չէր։ Մեր աղբյուրը հիշեցրեց, որ սա երրորդ նման դեպքն է, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից, 2022 թ. փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կողմերի տարածած հաղորդագրություններում բացակայում էր «Ղարաբաղ» եզրույթը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մոսկովյան այցի ընթացքում Փաշինյան-Պուտին 30 կետանոց «լավաշ» հայտարարությանը, որով կողմերը հավատարմություն հայտնեցին միմյանց եւ տարբեր ոլորտներում համագործակցության խոստումներ տվեցին, եւ այն դիտվեց իբրեւ Պուտին-Փաշինյան սիրախաղի դրսեւորում, դիվանագիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանդիպումն այնքան էլ «սիրային մթնոլորտում» չի անցել: Ճիշտ հակառակը` Փաշինյանին հերթական անգամ խստորեն զգուշացրել են, որ զերծ մնա Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանազատման հարցերով Արեւմուտքի ու Բաքվի հետ շփումներից` նոր առաջարկներ, տարբերակներ քննարկելուց, քանի դեռ այդ առաջարկները չի քննարկել ռուսական կողմի հետ։ Խոսքը բրյուսելյան հանդիպման եւ պայմանավորվածությունների մասին է։ Մեր աղբյուրի կարծիքով՝ ռուսական կողմը հասկանում է, որ չնայած Փաշինյանն անմռունչ ստորագրել է ռուսների 30 կետի տակ, սակայն ցանկացած պահի իր թիկունքում ԵՄ-ի հետ կարող է այլ պայմանավորվածությունների գնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը եւ ստացավ 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում եւ 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է խանութ, վիճել աշխատողների հետ, հայհոյել եւ ջարդել խանութում եղած ապրանքները)։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդին։ Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերից իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել է եւ պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ վերցրել` 4 ամսից ավելի կալանավորված պահելով, նախօրեին էլ կալանքը 2 ամսով երկարացրել են։ ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչեւ հունիսի 20-ը, եւ հատուկ օրենք ընդունեցին, որով կարող են ընտրովի պաշտոնում համայնքապետի ԺՊ նշանակել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը: 2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել:


Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, եւ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, եւ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդեւան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք եւս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի»:


«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին, մասնավորապես հայաստանյան ներքին շուկայում նկատվում է դոլարի փոխարժեքի պարբերական անկում: Փաստն այն է, որ մոտ 1.5 ամսում դրամի նկատմամբ դոլարը նվազել է շուրջ 50 դրամով: Սա ի՞նչ տենդենց է, ինչո՞վ է պայմանավորված: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, ով հակիրճ ներկայացրեց. «Բացառապես պայմանավորված է ԱՄՆ-ի հանգամանքով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ունի արտահանման ավելացման լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում արհեստական արժույթի նվազման խնդիր են ստեղծում: Դոլարի նվազման տենդենց առաջիկայում դեռ պետք է սպասել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»: Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաաստանում այս տարվա փետրվարին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 112, որից 65-ը իրականացվել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզում օտարերկրյա քաղաքացիների կողմից կնքվել է գնման 19 գործարք, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 4, Սյունիքում՝ 3: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվել է թվով 238 անշարժ գույք, որից 81-ը՝ Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից այս տարվա փետրվարին Շիրակի մարզում վաճառվել է 31, իսկ Սյունիքում՝ 2 անշարժ գույք: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից փետրվար ամսին գնվել է 68 անշարժ գույքի, որից 28-ը՝ բնակարան, 11-ը՝ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շինություն, 18 հող, հասարակական նշանակության 3 շինություն: Թվով 3 իրանցի է փետրվար ամսին անշարժ գույք գնել՝ 2-ը՝ բնակարան, մեկը՝ հող: ԱՄՆ 11 քաղաքացի է Հայաստանում անշարժ գույք գնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության 185 քաղաքացի վաճառել է Հայաստանում գնած անշարժ գույքը: