24.11.2024
Մոսկվան ազդանշան ուղարկեց աշխարհին, որ չի լքում Կովկասը. Մարկեդոնով
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՔՊ-ն անում է հնարավորն ու անհնարինը, որ Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն: Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի. «Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում վաղուց արդեն համակրանք չեն վայելում, վարկանիշն էլ գնալով ընկնում է, հետեւաբար զօրուգիշեր աշխատում են, թաքնված քարոզչություն են իրականացնում եւ այլն: Տիգրան Ավինյանն անձամբ է դիմում թաղապետերին կամ մայրաքաղաքի տարբեր շրջաններում հարգանք վայելող անձանց, որ օգնեն իրեն, աջակցեն, ինչով կարող են», -մանրամասնեց մեր զրուցակիցը: Մեզ փոխանցեցին, որ կուսակցական ակտիվի հետ հանդիպումների անվան տակ նա իրականում քարոզչություն է իրականացնում: Տեղեկացանք, որ, օրինակ, էրեբունի համայնքում հանդիպումը քաղաքացիների հետ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն է կազմակերպել: «Առաջիկայում նույնպես տարբեր այլ շրջաններում նմանատիպ հանդիպումներ կլինեն: Կազմակերպիչներն արել ու անելու են հնարավորը, որ այդ հանդիպումներին հնարավորինս շատ մարդ ներկա լինի՝ ցույց տալու համար, թե իրենց աջակիցները շատ են: Ավինյանն ինքնուրույն է այս ամենն իրականացնում, նրա գործերին ոչ ոք, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը չի խառնվում»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ոչ թե կառավարական ինքնաթիռով՝ «թիվ մեկ բորտով», այլ՝ «Արմենիա» ավիաընկերության օդանավով։ Կառավարության լրատվականից հայտնեցին, որ «թիվ մեկ բորտը» տեխսպասարկման է կանգնել, ուստի վարձակալել են «Արմենիա»-ի օդանավը։ Թե որքան գումար են հատկացրել բյուջեից օդանավի վարձակալության համար, կառավարությունից դժվարացան ասել։ Հարցին՝ «թիվ 1 բորտը» տեխսպասարկմա՞ն է կանգնել, թե՞ տեխնիկական խնդիրներ է ունեցել, ասացին՝ տարեկան տեխսպասարկում է անցնում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ճիշտ այս ժամանակահատվածում վարչապետին սպասարկող օդանավը խափանվել էր Կազան կատարած այցի ժամանակ, եւ Փաշինյանին Երեւան հասցնելու համար այլ օդանավ էին գտել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այժմ փաստերով. ինչպես հիշում եք, Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ։ Այստեղ Փաշինյանը բավականին հստակ նշել էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջները եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության հնարավոր տարբերակները: «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Դրանից արդեն մեկ տարի հետո Փաշինյանը Ստեփանակերտում անկախության միջազգային ճանաչումը համարեց «առաջնահերթ խնդիր», որ եղել է եւ կմնա Հայաստանի համար։ Ապա նրա կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանառության դրվեց «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառելիության անհրաժեշտությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում եւս «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացումը առանցքային էր համարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Արդեն 2021 թվականի դեկտեմբերին նա անդրադարձավ «Արցախի կարգավիճակի» հարցին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Արդեն ապրիլի 13-ի իր ելույթում Փաշինյանը նշեց, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։ Այս նշաձողը, ըստ Փաշինյանի՝ վերջին տարիների հանրային ելույթների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն էր կամ անկախության ճանաչումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ապրիլի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված խորհրդարանական լսումները, որ նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, չեն կայանալու։ ԱԺ-ից դա բացատրել են «տեխնիկական խնդիրներով», ինչը դաշինքը որակել է ապօրինաբար խոչընդոտելու քայլ։ Լսումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով էին, նախատեսվում էր ընդունել հայտարարություն ու «հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման» ժամանակ: Ֆորմալ առումով լսումները չեղարկելու պատճառը Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է, որն անցկացվելու է ԱԺ-ում՝ ապրիլի 22-ին։ Մինչդեռ ընդդիմադիրները դեռեւս մի քանի օր առաջ էին դիմել ապրիլի 21-ին լսումներ անցկացնելու համար, եւ ԱԺ-ն հավանություն էր տվել, անգամ կայքում տեղեկատվություն էր հրապարակվել։ Դրանք, ըստ էության, մեկը մյուսին չէին խանգարելու։ Պարզ է, որ իշխանություններին ընդամենը պատրվակ էր պետք, որ մինչեւ ապրիլի 24-ը թույլ չտան նման քննարկում՝ ցեղասպանության թեմայով: Ակնհայտ է՝ մտահոգություն ունեն, որ լսումները կշիկացնեն մթնոլորտը, եւ ընդդիմադիրները կոչեր կհնչեցնեն` ապրիլի 23-24-ի ակցիաներին ընդառաջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորները` Արթուր Վանեցյանի նստացույց անելու օրվանից սկսած, հայտարարում են, թե ընդդիմությունն ապակենտրոն, ցանցային պայքար է տանելու, եւ դրա մեկնարկը պատրաստվում էին տալ ԱԺ լսումներով` ապրիլի 21-ին, որը չեղարկվեց, իսկ կուլմինացիան ապրիլի 23-ից էր սկսվելու՝ ՀՅԴ երիտասարդների ավանդական ջահերով երթով, որին այս տարի հնարավոր է պատմական նրբերանգներ հաղորդեն՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի լեյտմոտիվներով։  Երիտասարդները, ավանդույթի համաձայն, ջահերով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, սակայն այնտեղից ոչ թե տուն կգնան, այլ կգիշերեն, որպեսզի հաջորդ օրը շարունակեն երթը։ Ամեն դեպքում, սա լինելու է յուրօրինակ ուժի ցուցադրություն, իսկ դրանից հետո կմեկնարկեն բողոքի ակցիաները։ Ենթադրվում է, որ երկու խմբակցությունները միաժամանակ, ավելի ճիշտ` զուգահեռ կգործեն, ասենք` Վանեցյանը՝ Ազատության հրապարակից, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այլ գործողություններ կանեն: Սակայն միասնական լիդերի` ակցիաները կոորդինացնողի խնդիր կա, ուստի ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով եւ փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի փրկության կարգախոսով նստացույց է անում Ազատության հրապարակում։ Թվում էր, թե արցախահայությունը եւ հատկապես արցախցի հանրահայտ դեմքերը՝ քաղաքական գործիչներից սկսած, վերջացրած մտավորականներով եւ գեներալիտետով, պետք է միանային Արցախի համար պայքարին, սակայն նրանք ընդհատակ են անցել։ Միայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է, որ մի քանի օր է՝ Ազատության հրապարակում է` Վանեցյանի կողքին, նախօրեին էլ իրազեկման երթի առաջին շարքերում էր։ Ինչո՞ւ Արցախի քաղաքական էլիտան այս օրերին Ազատության հրապարակում չէ կամ գոնե աջակցող հայտարարություններ, հարցազրույցներ չի տալիս․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԱՀ պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Այսինքն՝ Արցախից պետք է հավաքվեն գան Ազատության հրապարա՞կ»,- հարցին հարցով է պատասխանել պատգամավորը: Գոնե աջակցության մասին հայտարարեն, ուղերձներ հղեն։ «Այդ ուղերձները հղվել են ամենաբարձր մակարդակով, ԱԺ մակարդակում եւ այլն։ Իսկ Արցախում ժողովուրդը կանգնած է իր հողի վրա եւ փորձում է դժվարությունները հաղթահարել, պահել իր հողը, բնականաբար՝ կանգնած է իր շահերը պաշտպանող ուժերի կողքին։ Ինչ է՝ ամեն օր պիտի հայտարարությո՞ւն տարածենք, մենք այդ ուժերի հետ մշտապես հանդիպումներ ենք ունենում, այդ գործիչներն էլ գիտեն, որ մենք իրենց կողքին ենք»,- ասել է Բալայանը՝ երեւանաբնակ արցախցիներին կոչ անելով մասնակցել հանուն Արցախի իրականացվող ակցիաներին։ Ի դեպ, այս օրերին Արցախի հայտնի դեմքերը` նախկին պաշտոնյաներ, գեներալներ, ընդհատակ են անցել եւ անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել են գնման գործընթացի մասին, սակայն շատ հարցեր չեն տվել: Քննիչներին պարզապես հետաքրքիր է եղել, թե ինչպես են պայմանավորվել գնման գործընթացի շուրջ, ինչ քննարկումներ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Նարեկ Նալբանդյանից, սակայն մեր ջանքերն անցան ապարդյուն՝ վերջինս չպատասխանեց հետախոսազանգերին: Հավելենք, որ այս քրեական գործով հիմնական քննչական գործողությունները կատարվում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի մասով: ԱԱԾ -ն մեծ հաշվով վերահսկողություն է սահմանում քննիչների գործողությունների մասով՝ հասկանալու համար, թե նրանք ինչ են արել այս գործի շրջանակներում: Հավելենք, որ այս տան վաճառքը շատ մութ պատմություն է. կալանքի տակ գտնվող գույքը նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել է անհասկանալի իրավական հիմնավորումներով: Տան սեփականատերը՝ Հովիկ Աբրահամյանը, մինչ օրս չի հարցաքննվել: Թե Նարեկ Նալբանդյանը ինչ է պատմել կամ հնարել իրավապահների մոտ« կներկայացնենք առաջիկայում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ ու, բնականաբար, անցկացնել նոր ընտրություններ։ Մասնավորաբար, նման մի գործընթաց հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել Ալավերդիում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն այս օրերին իշխանություններն աշխատում են տեղում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ, սակայն նրանց գործերն այս առումով էլ, մեղմ ասած, լավ չեն: Մեր աղբյուրնեի փոխանցմամբ, տեղում ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի, չկան նույնիսկ իրենց «չափանիշներով» փոքրիշատե հարմար մարդիկ, որ կարողանան ցուցակում ներառել, իսկ հեղինակություն, փորձ ու գիտելիքներ ունեցող անձինք, այդ թվում՝ համայնքների գործող ղեկավարները հրաժարվում են ՔՊ-ի «գլխարկի» ներքո հանդես գալ։  Վիճակը բարդանում է նաև նրանով, որ, մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը հնարավոր է միասնական թեկնածուով մասնակցի Ալավերդու ընտրություններին։ Ընդ որում, այս պահին շրջանառվում է թեկնածուի անուն, որը մարզում բավական հարգանք ու հեղինակություն ունեցող անձնավորություն է, և նրա առաջադրվելու դեպքում իշխանության հնարավորությունները Ալավերդիում պարզապես կզրոյանան»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել, ըստ որի՝ Հայաստանում կավելանա ռուսաց լեզվի ուսուցիչների թիվը: Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար և այլն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս առումով «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է մինչ այս ռուսաց լեզվի շուրջ ծավալված գործընթացների մասին. «Ինձ այստեղ ավելի շատ զարմացնում է հետևյալը: Քաղաքական կոնկրետ ուժի կամ հասարակական հատվածի ներկայացուցիչները երկար տարիներ «դոշ էին ծեծում», ասում, թե դեմ են ռուսական դպրոցների ստեղծմանը, այս առումով անգամ շարժումներ էին սկսվել: Հիմա նրանք բավականին դրական, հանգիստ են ընդունում այդ ամենն ու այլևս իրենցից ծպտուն չենք լսում: Այն մարդիկ, այն ակտիվիստները, որոնք այդ լոզունգներով եկել են իշխանության, հիմա սուսուփուս նստած են: Հիմա, օրինակ՝ շատ հետաքրքիր կլիներ լսել այդ պսևդո ակտիվիստներին, որոնք իշխանության եկան այդ լոզունգներով ու հակառուսական իմիջով էին փորձում ընտրողների ձայները վերցնել»:


Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ մի բան է, եթե լեզվի կարգավիճակի հարց է դրվում, մեկ այլ բան՝ եթե լեզվի ուսուցման խորացման մասին է խոսքը. «Ընդհանուր առմամբ, այլ բան է, երբ պետական լեզվի կարգավիճակի մասին է հարց բարձրացվում: Հիշենք՝ ժամանակ առ ժամանակ նման հարց բարձրացվում էր: Ես միշտ ասել ու ասելու եմ, որ որևէ տրամաբանություն չկա, որ մոնոէթնիկ երկրում, որտեղ գրեթե 99 տոկոսը մի ազգություն՝ հայ են, պետական կարգավիճակով երկրորդ լեզու լինի: Որքանով հասկանում եմ՝ այդ մասին հիմա չի խոսվում: Դա որևէ տրամաբանության մեջ չի կարող լինել: Մոնոէթնիկ երկրում առհասարակ երկրորդ պետական լեզու չի կարող լինել՝ ուզում է լինի ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն: Այլ հարց է, որ ինչպես այլ միջազգային լեզուները, ռուսերենը ևս պետք է բավականին լավ ու խորացված դասավանդվի, որովհետև, այն, ի վերջո պատուհան է, կամուրջ աշխարհի հետ: Ուրիշ բան, որ պետք է խորացնել ուսուցումը՝ մանավանդ մեր այսօրվա հասարակության մեջ, որտեղ, ընդհանուր առմամբ, կրթությունն ամենագլխավոր խնդիրներից մեկն է»: Նա շեշտեց, որ այսօր մեզ մոտ ՌԴ քաղաքացիները, որոնց թվում՝ նաև դեսպանատան, ռազմաբազայի աշխատակիցներն են, իրենց համար նախատեսված դպրոցներ ունեն. «Այսքանով կրթության ոլորտում ռուսականացումը պետք է ավարտվի: Նույնը կվերաբերեր անգլերենին, ֆրանսերենին, մյուս լեզուներին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»: Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ իշխանավորները ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, թանկարժեք մեքենաներ գնեն և այլն: Քիչ չէին նրանք, ովքեր նշում էին, որ առկա տնտեսական ծանր վիճակում, փոխանակ գործով զբաղվելու, ՊԵԿ-ը պարզապես «թիթեռ է նկարում»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին տեսակետը գերիշխում է նաև ՊԵԿ-ում: Այստեղ խոսում են, որ Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո այս կառույցում ավելի շատ գերակշռում է շոուն, ցուցադրականությունը, քան կոնկրետ գործը, ինչից դժգոհ են համակարգի փորձառու, նվիրյալ, պրոֆեսիոնալ կադրերը»: