Նախօրեին Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Արցախին ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Մասնավորապես. "Կողմերն ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան",- ասված է հայտարարության մեջ։
Հանդիպման արդյունքները VERELQ-ի հետ զրույցում ամփոփեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. Գրիգոր Բալասանյանը: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն սպասված էր, քանի որ վերջին շրջանում բավականին իրարամերժ կարծիքներ էին հնչում մեզ համար չափազանց զգայուն Արցախի հարցի և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նկատմամբ ՌԴ ունեցած դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին
Վերջինս, նախ, առանձնացրեց մի քանի կարևոր նկատառում երեկ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, որն, ըստ մեր զրուցակցի, անկասկած նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
"Դիտարկենք դրանք 3 ուղդություններով՝ քաղաքական, տնտեսական և մշակութային։ Նախ, ՌԴ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը ակտիվորեն մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմանագրի ստորագրման աշխատանքներին, բացի այդ ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը։ Բացի այդ, կողմերը անթույլատրելի համարեցին 3-րդ կողմին բիոփորձարկումների իրականացման նպատակով իրենց տարածքները տրամադրելը։ Այստեղ, կարծում եմ, ՀՀ իշխանություններին փորձություն է սպասվում, քանի որ դա նշանակում է ամերիկյան բիոլաբորատորիաների դուրս բերում ՀՀ տարածքից, իսկ դա անկասկած հսկայական դիմադրության է արժանանալու ամերիկյան իշխանությունների կողմից, չնայած դուրս բերումը միանշանակ բխում է ՀՀ պետական շահերից",- նշեց Բալասանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու կողմերը չեն բարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը, Բալասանյանն արձագանքեց.
"Կարծում եմ, այս պահը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ Արցախի հարցը Ռուսաստանն այլեւս համարում է իրենը ու ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ Ալիևի հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում։ Իմ կարծիքով, ներկայումս ուղիղ աշխատում են միայն Արայիկ Հարությունյանի ու Արցախի անվտանգության խորհրդի հետ":
Նախքան Փաշինյանի Մոսկվա մեկնելը լուրեր էին շրջանառվում, որ այս հանդիպմանը հիմք է դրվելու Հայաստանի Միութենական պետությանը միանալու գործընթացին: Բալասանյանից հետաքրքրվեցինք՝ դրա նախադրյալները տեսանելի՞ են.
"Կարծում եմ ՌԴ կողմից ՀՀ պետական սահմանների նկատմամբ մեծ ուշադրությունը, ազգային արտարժույթով առեւտուրը, ռուսաց լեզվի դասաժամերի ավելացումը կարելի է համարել Միութենական պետության մեջ մտնելու գործընթացի սկիզբ",- շեշտեց նա:
Կարևոր է, ասաց քաղաքագետը, որ կողմերը պարտավորվեցին ընդլայնել տնտեսական ինտեգրացիան ու հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով։
Եվս մեկ կարևոր հանգամանք է, մեր զրուցակցի կարծիքով, այն, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն ՀՀ դպրոցներում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման ու մասնագետների պատրաստման ուղղությամբ, բացի այդ պետք է ստեղծվի հարթակ երկու երկրների հասարակությունների ներկայացուցիչների շփումներն ապահովելու համար։
"Ստորագրված պայմանագրերն անշուշտ մեծ նշանակություն են ունենալու երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման համար",- հավելեց Գրիգոր Բալասանյանը։
Լիա Խոջոյան