Հայ-թուրքական հարաբերությունները պետք է աստիճանաբար կարգավորվեն. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ կանցկացվեն, որից հետո նախատեսվում է Հայաստանի Ազգային ժողովի անունից հայտարարություն ընդունել։
Դաշինքի հայտարարության նախագիծը հայ-թուրքական հարաբերությունների փուլային կարգավորման կոչ է պարունակում։ Առաջարկվում է առաջին փուլում հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ապահովել, որ Թուրքիան ապաշրջափակի Հայաստանի հետ սահմանը։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ երկրների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
1. Սահմանված պարտավորությունների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 12.01.2010 թվականի որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին.
2. Հայ-թուրքական հարաբերություններում բացառել ցանկացած պայմանավորվածություն, որը կարող է կասկածի տակ դնել հայ ժողովրդի տեղահանության փաստը և Հայոց ցեղասպանության իրողությունը.
3. Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման եւ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում առաջնորդվել Հայաստանի եւ Սփյուռքի կամքով:
4. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է կարգավորման՝ միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերին համապատասխան։
5. Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը եւ այն ապահովելու Հայաստանի պարտավորությունների կատարմանը։
6. Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորված լինել և ծառայել Ադրբեջանի պահանջների բավարարմանը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը։
7. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանմանը, այնտեղ հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։