«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ցանկացած պահի վայր դնել մանդատները. Աբրահամյան
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները ցանկացած պահի պատրաստ են վայր դնել մանդատները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, ընթացող պայքարում կարեւոր է քայլերի արդիականությունը, պետք է հասկանալ, թե երբ եւ ինչ քայլ անել, որպեսզի ապահովվի գործողությունների առավելագույն արդյունավետությունը։ «Մեզ համար մանդատը միայն դրված նպատակին հասնելու միջոց է, եթե այն որևէ ձևով չի ծառայում դրված նպատակին, ապա այն պահպանելն իմաստ չի ունենա»,- ասաց Աբրահամյանը։
«Այս փուլում որոշվեց քաղաքական հիմնական հարթակը խորհրդարանից տեղափոխել Ազատության հրապարակ։ Այս փուլում խորհրդարանում քննարկումներն անիմաստ են, քանի որ արդեն իսկ պարզ տեքստով ասվում է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Արցախի հանձնումն է Ադրբեջանին։ Բնականաբար, նման պայմաններում ցանկացած քննարկում, բանավեճ անիմաստ է դառնում»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, մանդատների հրաժարականի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ տրամաբանությամբ կշարունակվեն սկսված գործընթացները։ «Ճիշտն ասած, ես չգիտեմ մեր խմբակցությունում որևէ մեկին, ով պատրաստ չլիներ ցանկացած պահի վայր դնել մանդատը, չգիտեմ մարդ, ում այս մանդատը ինչ-որ բան տա իր կյանքում»,- ասաց նա։
Պատգամավորը հորդորեց հաշվի առնել, որ մանդատների առկայությունը ինչ-որ պահի կարող է օգտակար լինել երկրի համար կարեւոր հարցերի քվեարկության համար։ «Եվ այստեղ խոսքը ոչ թե օրինագծերի, այլ կոնկրետ գործընթացների մասին է»,- նշեց ընդդիմադիրը։