ԼՂՀ արտախորհրդարանական ուժերը միանում են ԱԺ հայտարարությանը
Ապրիլի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է արտախորհրդարանական ուժերին։
Հանդիպմանը մասնակցել են 2020-ի մարտի 31-ին Արցախում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցած և ԱԺ չանցած «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչները։
«Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։ Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են Արցախի Ազգային ժողովի՝ 2022-ի ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը»,- ասված է հաղորդագրությունում։