26.11.2024
Վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին. նա նաև Հայաստանն է հանձնում. Ղևոնդյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Կինոյի տղա» խաղալը չի օգնում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հատկապես վերջին շրջանում ավագանու նիստերի ու գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, ինչպես քաղաքապետարանում են կես կատակ-կես լուրջ ասում, իրեն դնում է «կինոյի տղայի» տեղը. բոլորի հետ խոսում է ոչ միայն մուննաթով, այլև հոխորտալով, ցինիզմով, սարկազմով: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սարգսյանի այս պահվածքը առաջին հերթին պայմանավորված է ինքնահաստատման մղումով՝ ցույց տալու, որ քաղաքապետն ինքն է: Սա ընդունված է համարել «անգլիական թագուհու» բարդույթ: Բանն այն է, որ քաղաքապետ «նշանակվելուց» հետո փաստացի տապալել է քաղաքապետարանի կառավարումը, ձախողել գրեթե բոլոր ոլորտները, ինչը, սակայն, ժամանակ առ ժամանակ փորձում է գցել այլոց «գրպանը»: Երեկ էլ, օրինակ՝ մեղադրանքներ հնչեցրեց «նպատակային պռավալ տալու» առումով: Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետին նյարդայնացնում է «անգլիական թագուհու» և խիստ ժամանակավորության հեռանկարը, ուստի փորձում է ուժեղ քաղաքապետի կերպար ապահովել: Սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ դա էլ չի օգնում, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրականում ով է «ասողը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ վարելիս ընկել եւ վնասվածքներ է ստացել։ Նրան չեն հոսպիտալացրել, բայց տանը սիստեմաներ է ստանում։ Հենց այս վնասվածքներն են պատճառը, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց, բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ բուժումը կտեւի մոտ 10 օր։ Առողջական խնդիրներով պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի այսօրվա հանրահավաքին, չնայած իր թիմում հստակ ոչինչ չեն ասում՝ կարծելով, թե երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն եւ նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։ Հանրապետական կուսակցությունից մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։ Մենք գրել էինք, որ ՍԴ-ն քաղաքական հարցերում նախընտրում է գրավոր ընթացակարգը, որ փակ ռեժիմով քննի դիմումները եւ հրապարակի վճիռը։ ՍԴ-ն, ըստ ամենայնի, նախապես քաղաքական պատվեր էր ստացել՝ Սիմոնյանի հարցին առավել մեծ հնչեղություն հաղորդելու, հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախանձելի վիճակում չէ, թերեւս, չի ուզում յուրայինների դեմ պրոցեսներ հրահրել, եւ ՍԴ-ին հրահանգել են անաղմուկ որոշել հարցը։ Հարցին, թե ում առաջարկով է բանավոր ընթացակարգից գրավորի անցում կատարվել, ՍԴ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։ «Քանի որ այս անգամ ՔՊ վարչության կազմը կրճատվելու ու 21-ից 15 է դառնալու, հետեւաբար պայքարն այժմ ավելի է շիկացած. բոլորը ցանկանում են բաղձալի 15-ում հայտնվել։ Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Չընտրվելու մտավախություն նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ունի, ով նույնպես այդքան էլ սիրելի ու ընկալելի չէ ներսում», -ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին, ապա, ըստ մեր տեղեկությունների, գրեթե բոլորն էլ մտադիր են առաջադրվելու ու ընտրվելու, առաջամարտիկներից է Վահագն Ալեքսանյանը, ցանկություն ունեն նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանն ու այլք։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ-ական իր թիմին է ցանկանում ՔՊ վարչությունում տեղավորել՝ ի դեմս պատգամավոր Հասմիկ Հակոբյանի: Մի խոսքով, անչափ թեժ իրավիճակ է, կարելի է ասել` իրար կոկորդ են կրծում։ Միմյանց հետ են բանակցում, մտածում` ինչ մեթոդներ բանեցնեն, որ իշխող կուսակցության վարչության կազմում հայտնվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի ասում` ում ընտրեն, ինչ անեն, որեւէ մեկին չի ուղղորդում։ Ասել է` սա դուք, սա` կուսակցությունը», – ավելացրեց մեր աղբյուրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի հարմարվում շարքային ՔՊ-ական պատգամավորի կարգավիճակի հետ։ Նա մրցակցության մեջ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ եւ ծանր է տանում, որ նախարարի ու աշխատակազմի ղեկավարի պոստը թողել-եկել, ԱԺ-ում «անիմաստ» նստել է՝ պատգամավոր է աշխատում։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, հիմնականում այն շրջանում, երբ կառավարության կազմի փոփոխության հեռանկարներ են բացվում, կամ նման խոսակցությունները թեժանում են, Թորոսյանն էլ է ակտիվանում ու սկսում ստվերային նախարար աշխատել կամ ցուցադրել, թե ինքն ինչքան ավելի լավն է` գործունյա, տեղեկացված, օպերատիվ, քան այսօր գործադիրում աշխատող անձինք։ Վերջերս նա սկսել է շրջայցեր կատարել տարբեր բժշկական կենտրոններ, մարզեր, ստատուսներ գրել, լուրջ դեմքով նկարվել ու իր ֆեյսբուքյան էջում «պաշտոնական» հաղորդագրություններ տարածել: Մի անգամ գրում է` այսինչ համայնքը շուտով կունենա նոր բժշկական կենտրոն, այսինչ հիվանդանոցը շուտով նոր տեսք կունենա եւ այլն։ Օրինակ՝ վերջերս ՔՊ-ական պատգամավոր, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հայտնի սկանդալի պատճառով ազատված Տրդատ Սարգսյանի եւ նրա նախկին խորհրդական ու մշտական ուղեկից Աշոտ Սարգսյանի հետ Թորոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզի Գավառի ԲԿ, Սեւանի հոգեկան առողջության կենտրոն, Սեւանի ԲԿ ու «ծանոթացել կատարվող բարեփոխումներին, ընթացիկ աշխատանքներին եւ առկա խնդիրներին»։ Շաբաթներ առաջ նմանատիպ այց էր կատարել Շիրակի մարզ եւ մարզպետի հետ շրջում էր բժշկական կենտրոններով: Սրանք լրիվ նախարարական այցեր էին:


Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, այժմ խիստ լարված են ներկա ու նախկին նախարարների` Թորոսյանի ու Ավանեսյանի հարաբերությունները, գուցե պատճառն այս հավակնություններն են, որոնք Թորոսյանը չի էլ թաքցնում: Այս բոլոր այցերի մասին Արսեն Թորոսյանի օգնականները լրատվամիջոցներին հաղորդագրություններ են տարածում, Թորոսյանի փիառով ակտիվորեն զբաղվում է նաեւ Աշոտ Սարգսյանը` Թորոսյանին «թեգ» անելով․ «Մարտունին շուտով կունենա նորակառույց ժամանակակից բժշկական կենտրոն։ Հոգիս փառավորվում է ոլորտում նման կարեւոր բարեփոխումներից, հասանելի եւ որակյալ առողջապահությունն առաջնահերթություն է: Շինարարությունը սկսվեց 2020-ին եւ պլանավորված է ավարտել 2022-ի աշնանը»։ Վերջում էլ Արսեն Թորոսյանի անունն է նշում, կողքը՝ ծափեր, որպեսզի ցույց տա, թե սա Թորոսյանի գործադրած ջանքերի արդյունքն է, ոչ թե «ինչ-որ աղի դեմ պայքարող նախարարուհու»։ Դրանից առաջ էլ նույն Աշոտ Սարգսյանը «Սուբր Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերանորոգման կադրերն էր հրապարակել ու կից գրել․ «Դեռ 2018 թ․ Արսեն Թորոսյանն ասում էր, որ «Լուսավորիչը» պետք է վերակառուցվի, արդիականացվի եւ դառնա հանրապետության լավագույն կենտրոնը»։


Արսեն Թորոսյանին պարբերաբար գովեստի խոսքեր են շռայլում նաեւ նախարարության նրա նախկին կոլեգաները՝ նրան անվանելով պրոֆեսիոնալ, միշտ մտածող, գերզբաղված ու հավասարակշռված ուժ։ Իսկ մարտի 15-ին, երբ հակածխախոտային օրենքը վերջնականապես մտավ ուժի մեջ, Արսեն Թորոսյանը ինքն իրեն գովերգող գրառում էր արել․ «Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք՝ ինձ համար շատ կարեւոր մի հարցում, որն ունի նաեւ հանրային լուրջ կարեւորություն: Այսօր ես արձանագրում եմ, որ աշխատում է Մահաթմա Գանդիի արտահայտություններից մեկը. «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» (Be the change you want to see in the world)»։ Փիլիսոփայական զեղումներից հետո Թորոսյանը ներկայացրել էր հակածխախոտային օրենքը կյանքի կոչելու պատմությունը, թե ինչպես է ինքը ողջ գիտակից կյանքում ծխելու դեմ եւ ինչպես է հիմա հասել հաջողության։ Ու այս ամենի ֆոնին նկատում ենք, որ Արսեն Թորոսյանը չափազանց պասիվ է որպես պատգամավոր՝ չի խոսում, հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում։ Հուսով ենք, Նիկոլ Փաշինյանը կգնահատի Արսեն Թորոսյանի՝ աչքի ընկնելու եւ իր դերը կարեւորելու ուղղությամբ գործադրած անդուլ ջանքերը եւ մի նոր պաշտոն կտա, որպեսզի նա այս այցելություններն ու դրանց վերաբերյալ հաղորդագրություններն արդեն ի պաշտոնե ուղարկի, եւ լրագրողներն էլ ուղեկցեն ու լուսաբանեն դրանք: Թե չէ՝ պատգամավորի կարգավիճակում մի տեսակ չի կարողանում ինքն իրեն ճիշտ սուբլիմացնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում եւ նոր դիրքեր զբաղեցնում: Մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը, նրանք հասկանում են, որ ՀՀ իշխանությունը լվացել է ձեռքերը, Արցախի տեղն անգամ մոռացել։ Այս անկումային տրամադրություններն ուժգնանում են Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական ելույթից հետո: Կառավարության վերջին նիստում նրա խոսքից հետո Արցախում արտագաղթի տրամադրություններն աճել են, մարդիկ հասկացել են, որ Հայաստանն այլեւս իրենց անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանի վարչապետը պատրաստվում է տնօրինել իրենց ճակատագիրը` առանց իրենց կամքը հարցնելու: Արցախի իշխանություններն էլ թեեւ շարունակում են հաճոյանալ Փաշինյանին, սակայն հասկանում են, որ Արցախի ու Հայաստանի շահերն օրեցօր միմյանցից հեռանում են: Գիտակցում են, որ իրենք միայնակ կանգնած են դժվարին մարտահրավերների առջեւ` ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին: Եվ որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի, ստիպված են փոխել կառավարման եւ պետական միջոցները ծախսելու առաջնահերթությունները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 5-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հրավիրում են հանրահավաք։ «Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքերով, այս հանրահավաքը փաստացի ՝ ՀՀ-ի ու Արցախի ներկա պետականազրկման գործընթացներին դիմագրավելու օրակարգ ունի: «Մի երկրում, ուր դավադիր պատերազմից հետո հանրության մի զգալի մասը չգնաց ընտրություններին, իսկ գնացողների մի շոշափելի մասը ընտրեց ներկա կապիտուլյանտին, դա հեշտ գործ չէ։ Սակայն թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը պետք է հասկանան, որ հականիկոլական կոնսոլիդացիան հակաադրբեջանական կոնսոլիդացիա է, Արցախի փրկության ու ՀՀ-ում պետություն ունենալու կոնսոլիդացիա է, հայի՝ հայ մնալու և ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա է, ուստի այլընտրանք չկա։ Օրակարգը շատ հստակ է. կա՛մ Նիկոլը երկիրը կպետականազրկի ու Արցախը երկրորդ արարով կհանձնի Ադրբեջանին, կա՛մ մենք, նաև մեր դաշնակիցների աջակցությամբ, սակայն առաջնահերթ մեր կամքի ու ջանքի զորու, կունենանք պետություն, որը սպասարկու չէ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ղևոնդյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԶՊՄԿ-ում նոր բաժնետերերի հայտնվելուց ու կառավարության՝ «փայ մտնելուց» հետո, ի թիվս մի շարք խնդիրների, ի հայտ են գալիս նաև արտադրական ու սպառման խնդիրներ: Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը վերջին ամիսներին արտադրողականության անկում է արձանագրում` նախկին օրական 750-800 տոննայի փոխարեն հիմա արտահանելով 300-350 տոննա կոնցենտրատ: Փորձագետների համոզմամբ, այս խնդիրն առաջին հերթին կապված է կառավարման հմտությունների պակասի հետ: Ոլորտի փորձագետների համար առնվազն տարօրինակ է, որ միևնույն մարդուն նշանակում են ԶՊՄԿ ենթակայության տակ գտնվող մի շարք ընկերությունների տնօրեն: Սա մասնագիտական ու կադրային սովի ցուցիչ է, և ակնհայտ է, որ նույն անձը չի կարող արդյունավետ կառավարել, ասենք, թե՛ հյուրանոց, թե՛ գործարան, թե՛ հիմնադրամ և այլն: Ոլորտի մասնագետների շրջանում կարծիք կա, որ գուցե այն ժամանակ, երբ դեռ նոր բաժնետերերը հեռվից էին նայում ԶՊՄԿ կառավարմանն ու աշխատանքի ընթացքին, և այստեղ հեռվից երևում էր միայն փող, նրանց թվում էր, թե աշխատանքները ամենևին էլ բարդ չէ կազմակերպել: Այժմ, սակայն, հայտնվելով աշխատանքների կիզակետում՝ ԶՊՄԿ նոր տնօրեն Ռոման Խուդոլին, ինչպես ասում են կոմբինատում, եվրոպական ստանդարտներին համապատասխանեցրած ԶՊՄԿ-ն շատ արագ վերածեց նոր «Զոդ»-ի: Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ հանքի պահեստները լցված են, կան լոգիստիկայի հետ կապված լրջագույն խնդիրներ ու դրա հետ կապված շղթայական ազդեցություններ: Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում նշում էր, որ վերոնշյալ խնդիրները ավելի լուրջ ու հիմնարար են, քան կարելի էր պատկերացում կազմել՝ ընդամենը այդ մասին սահմանափակ գիտելիքներ ունենալով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Մեզ հասած տեղեկությոնների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը այս օրերին հանդիպել է ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հետ՝ փորձելով ըննդեմ իր որոշման ելքեր գտնել, սակայն ստացել է մերժում: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ, որը նշեց. «Ինչ որոշում ցանկանում են թող կայացնեն, մեռնեմ օրենքին»: Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու եւ նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, որը դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով եւ ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել նաեւ մասնավոր անձից եւ լինել օգտագործված։ Մեզ ասացին, որ համայնքապետը դա հատուկ է արել, որպեսզի կոնկրետ անձից ձեռք բերվի կոնկրետ մեքենա։ Մրցույթն առաջին փուլով չի կայացել, քանի որ տվյալ անձը փաստաթղթերը թերի է ներկայացրել ու չի կարողացել մասնակցել։ Eauction.armeps.am կայքում այս պահին նշված է, որ մարտի 25-ի դրությամբ մրցույթը չի կայացել։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, նորից են ուզում անցկացնել, որ անպայման ձեռք բերեն հենց այդ մեքենան։ Նկատենք, որ քաղաքապետերը հիմնականում ցածր դասի եւ ոչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում, օրինակ՝ Toyota Camry, որն առնվազն կրկնակի էժան է Prado-ից, քանզի 60-70 հազար դոլարանոց մեքենան փոքր համայնքի համար մեծ ճոխություն է։ Բայց Մեծամորի համայնքապետը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ամենագնացով ման գալ։ Մեծամորի համայնքապետարանի հեռախոսահամարները չպատասխանեցին, որպեսզի պարզաբանում ստանայինք, թերեւս աշխատանքային ժամն էլ այստեղ կարճ է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Գլխավոր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել ներկայացրած տվյալներից: Ըստ այդմ, 2021 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 950 դեպք, որոնցից 105-ը՝ կաշառք ստանալու, 80-ը՝ կաշառք տալու, ընդ որում՝ 2020 թվականի համեմատ՝ էական փոփոխություններ են եղել. այդ տարի կաշառք ստանալու դեպքերը եղել են 85, ստանալունը՝ 55: 2021-ին պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման 129 դեպք է եղել՝ նախորդ տարվա 160-ի համեմատ։ Այստեղ նվազում ենք արձանագրել: Փողերի լվացման վերաբերյալ 2021 թվականի ընթացքում նախապատրաստվել է 22, իսկ 2020 թվականին՝ 14 նյութ, որոնցից 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է: Հաշվետվության մեջ ըստ ոլորտների նաեւ առանձնացված են, թե ում է մեղադրանք առաջադրված, ըստ այդմ՝ Զինված ուժերի ոլորտում մեղադրանք է առաջադրվել 1 նախկին փոխնախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալի, հրետանու պետին, զորամասերի, գումարտակի հրամանատարների եւ այլն: Զինված ուժերում առաջադրված մեղադրանքներից շատերն ուղիղ կերպով կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, քանի որ այդ գործով քննություն է ընթանում»: