25.11.2024
Մայիս-հունիսին տեղական խոզի միսն ու տավարի միսը կթանկանան․ գյուղատնտես
prev Նախորդ նորություն

Չուզեցիք փուլային, կստանաք փաթեթային, բայց առանց Արցախի մասին հիշատակման. Դանիելյան

Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻՆ, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, «փաստերով» կապացուցենք, որ դեռ վաղուց իբր նախկիններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն «ընկալմամբ», ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պահպաներ սոսկ իր հայկականությունը Ադրբեջանի կազմում, ոչ ավելին, ուստի «նոր» պահանջները հղի են մեծ վտանգներով։


Ի դեպ, ԱՄՆ֊ը հենց ինքն է այն առաջին պետություններից, որ ծնվել է ազգային ինքնորոշման իրավունքի հենքով, ընդ որում, «հիմնադիր հայրերը» ոչ միայն հորինել են «Ամերկայի Միացյալ Նահանգներ» անվանումը, այլև 250 տարի առաջ ապացուցել են, որ ամերիկացիները և անգլիացիները նույն ազգը չեն։


Հ.Գ. Մենք բարոյական իրավունք չունենք շեղվելու միջազգային նվազագույն սկզբունքներից ու Սահմանադրության հիմնադրույթներից, մենք պարտավոր ենք շարունակել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը և այո, հստակ նախապայման առաջադրել, որ եթե չի ընդունվում արդեն իսկ կայացած պլեբիսցիտը, ապա առնվազն որպես փոխզիջումային տարբերակ՝ սեղմ ժամկետում և հստակ ընթացակարգով պետք է երաշխավորվի նոր պլեբիսցիտ, որի արդյունքները պետք է հարգվեն աներկբա։


Առանց այս ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ, ցանկացած բանակցություն իմաստազուրկ է։ Ողջամտությունը թելադրում է, որ ամեն գնով հարկ է գնալ այս քայլին, միևնույն է՝ Արցախը չի մնա Ադրբեջանի կազմում ...»։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե իշխանությունները համաձայնել են ճանաչել տարածքային ամբողջականության սկզբունքը որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք, դա ավելի քան տարօրինակ համարեց։


«1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովից հետո Երևան վերադարձած Ռոբերտ Քոչարյանը, որը քվեարկել է Եվրոպայում անվտանգության խարտիայի օգտին՝ տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանող, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան, բառացիորեն ասել է. «Եթե ընդհանրապես խոսենք տարածքային ամբողջականության մասին, չի կարելի ասել, որ մենք դեմ ենք դրան։ Մենք էլ տարածք ունենք, և նույնպես կարծում ենք, որ նույն սկզբունքը պետք է գործի մեր տարածքի վրա»։


Նրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ՝ որպես կարգավորման հիմնական սկզբունք ընդունելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այսպիսով, այստեղ շահարկումներ չկան: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային խնդիր չի եղել և հիմա էլ այդպիսին չէ, դա իրավունքների խնդիր է, և մենք հետևողականորեն պաշտպանելու ենք արցախահայության բոլոր իրավունքները՝ չանտեսելով այլ ժողովուրդների իրավունքները», - ասել է վարչապետը։