Մայիսի վերջ- հունիսի սկզբին տեղական խոզի մսի գինը թանկանալու է, թանկանալու է նաև տավարի միսը։ Այս կանխատեսմամբ հանդես է եկել գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
VERELQ-ի հետ զրույցում Մնացականյանը պարզաբանեց, թե ինչի հետ է կապված իր կանխատեսումը․
"Նախ՝ ՌԴ կողմից կիրառված էմբարգոն, բացի այդ Լարսը փակ էր ավելի քան 20 օր, ինչը Հայաստանում կերի լուրջ դեֆիցիտ առաջացրեց և շատ ֆերմերներ իրենց խոզերին մորթել են։ Հիմա պասի շրջան է և մսի գինը չի թանկանում, դեռ հակառակը՝ որոշակի նվազում է նկատվում, բայց մեկ ամիս հետո դեֆիցիտ է լինելու, ինչն էլ կհանգեցնի գնաճ",- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը տարեկան ՌԴ-ից ներմուծում է 150-160 հազար տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի, ֆուրաժային ցորեն։
Դեռ երկու շաբաթ առաջ նա կանխատեսել էր, որ եթե ՌԴ-ն որոշակի լիցենզիաներ չտա, ապա Հայաստանում անասունների մորթ կսկսվի, կլինի անասունների եւ թռչունների գլխաքանակի մեծ անկում, որն ավելի բացասական հետևանքներ է ունենալու, ինչն էլ այսօր արդեն ունենք։
Հարցին՝ բարձր գինը կպահպանվի՞, թե հնարավոր է, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, գինը դարձյալ իջնի գործող մակարդակին, Հարությունյանն ասաց, որ խոզաբուծությունն առանձնանում է նրանով, որ արագ է բազմանցվում, այնպես որ հնարավոր է գինը պահպանվի 2-3 ամիս, բայց հետո իջնի՝ 4 ամիս է պետք, որպեսզի խոզի գոճին մեծանա․
"Առնվազն 4-5 ամիս կտևի",- ասաց նա։
Բայց, ըստ Հարություն Մնացականյանի, տավարի մսի թանկացման դեպքում իրավիճակը մի քիչ այլ է, քանի որ եթե խոզի մսի գինը կարող նորից իջնել նշված հանգամանքով կամ պահանջարկով պայմանավորված, ապա տավարի մսի դեպքում թանկացումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև ներմուծումն ավելի էժան կլինի։