Երևանում բացվեց «ԱԲԳ-ն և ընկերները» ցուցահանդեսը՝ նվիրված երգիծանկարիչ Սամվել Աբգարյանին
Ապրիլի 1-ին Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվեց «ԱԲԳ-ն և ընկերները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված երգիծանկարիչ Սամվել Աբգարյանին:
Արվեստագետի՝ տարբեր տարիների արված նկարներն ու քանդակները ուրույն պատկերացում են տալիս նրա մտածողության և ոճի մասին։ Ներկայացված են նաև Սուքիաս Թորոսյանի (TOTO), Արայիկ Օհանյանի (Արզօ), Արսեն Գևորգյանի (DIZO), Դավիթ Ղազանչյանի և այլոց երգիծանկարները, ինչպես նաև Երևանի մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնի սաների աշխատանքները։ Վերջիններս «Երգիծանկար» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն են։
Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանն անկեղծանում է՝ սիրով է արձագանքում վարպետաց դասեր անցկացնելու հրավերներին, որ մարզում էլ լինի։ Հումորային գրաֆիկա ստեղծելու հարցում երեխաները մեծերից ավելի առաջադեմ են․ նրանց աշխատանքներում կա գաղափար, անկեղծություն, «կրակ», որը պակասում է ավագ սերնդին։
«Պետք է նրանց տեղ տալ, չխանգարել։ 1936 թվականին, երբ Ամերիկայում երգիծանկարչությունը զարգանում էր որպես կոմիքսային արվեստ, դառնում հոլիվուդյան անիմացիա կամ մուլտիպլիկացիոն ֆիլմ, հնարավոր եղավ կայսրություններ կառուցել։ Նույն «Մարվելի» կոմիքսները՝ American hero, Superhero և այլն, տպագրում էին բանակի համար, որ զինվորները տեսնեն ու ոգևորվեն։ Դա հետո դարձավ ոճ, մտածելակերպ»․- մանրամասնում է Սուքիաս Թորոսյանը՝ հավելելով, որ հայերն ավելի խոր արմատներ ունեն և իրենց մշակույթով կարող են թելադրող լինել։ Այս համատեքստում երեխաները նոր «լոկոմոտիվ» են թե՛ մշակույթի, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
11 –ամյա Ինեսա Մանուկյանը ներկայացնում է իր «Ակնոցավոր կատվին»։ Առաջին անգամ ցուցադրվել է հինգ տարեկանում Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Ասում է՝ երգիծանկարչության վարպետաց դասերն օգնեցին կողմնորոշվել ճիշտ գույներ ընտրելու հարցում, ուշադրություն դարձնել մանրանկարչությանը։ Սիրում է կենդանիներ ու մարդկանց նկարել։ Իր մայրիկի, քրոջ և ուսուցչուհիների հաջողված դիմանկարներ ունի։
Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը։