26.11.2024
Կոռուպցիայի համար 2021թ. քրհետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, այդ թվում պաշտոնյաներ
prev Նախորդ նորություն

Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին. նույնը և այսօր։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով։


"Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ նրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:


Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում, այնուամենայնիվ, կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք, համենայն դեպս, հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին",- ասել է Միրզոյանը:


ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` սահմանագոտում ձեռնարկելու կայունության բարձրացման քայլեր, և այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։


"Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են խորհրդակցություններ` տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ մենք ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ, ավելի լայն առումով` համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ և նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ",- նշել է նա։