26.11.2024
Փորձ է արվում լուծել ՌԴ դեմ ռեզերվային ռազմաճակատ բացելու խնդիր Արցախում. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

Քարագլխի սադրանքով Թուրքիան ցանկանում է զիջումներ կորզել ՌԴ-ից Կիևի հարցում. քաղաքագետ

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ուղղակի աղետ է, քանի որ մենք ունենք ընդհանուր անցյալ այդ երկրի հետ: Սակայն ժամանակակից միջազգային հարաբերությունները միշտ առաջնորդվել են մի քանի սկզբունքներով, դրանցից մեկն էլ այն է, որ պայմանագրերը պետք է կատարվեն: Պետությունները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:  Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը:


Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում այսօր, 1997թվականին Փարիզում ստորագրված փաստաթղթի խախտումն է ՆԱՏՕ-ի կողմից, ընդգծեց նա: Եվ Ռուսաստանն արդեն իսկ մատնանշել է, որ խախտվում են կարմիր գծեր.


"Այդ պայմանագիրը կանխորոշում էր ՌԴ-ՆԱՏՕ հետագա հարաբերությունների ընթացքը, վարքականոններ էր սահմանում, որոնք չպետք է խախտվեն: Բայց խախտվեցին",- հիշեցրեց Բալասանյանը:


Եվ բնական է, ասաց բանախոսը, որ ստեղծված իրավիճակը չի կարող չազդել Հայաստանի վրա:


"Այն սպառնալիքները, որ հնչում են ՀՀ հասցեին, այդ թվում և ԵԱՏՄ-ին անդամակցելու առումով, մտահոգիչ են և արտաքին քաղաքականության պատասխանատուները դրան պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերեն: Իսկ, օրինակ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը պետք է հրավիրվի ԱԳՆ, քանի որ մեկ անգամ չէ, որ փորձ է արել միջամտել մեր ներքին գործերին",- ասաց Բալասանյանը:


Քաղաքագետը վստահ է, որ Արցախում հենց Թուրքիայի հրահանգով  է հրահրված վերջին սադրանքը Քարագլխի շուրջ, որպեսզի Թուրքիայում ռուսական կողմը գնա զիջումների և մեղմացնի ուկրաինական կողմին ներկայացվող ուլտիմատումը: Չէ որ հենց այսօր Ստամբուլում ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները:


"Անկարան ոչ միայն չի թաքցնում, որ ունի պրոուկրաինական նկրտումներ, զենք է վաճառում Կիևին, այլև լավ օգտագործում է դա իր շահերն առաջ մղելու համար: ՀՀ-ն պետք է լավ ուսումնասիրի թշնամու քաղաքականությունը և գուցե նաև կիրառի այս խորամանկության ու դիվանագիտության սինթեզը",- ընդգծեց նա:


Ցանկացած պատերազմ Ռուսաստանի շուրջ, ասաց Բալասնյանը, թուլացնելու է նրան, և դա է Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի նպատակը.


"ՀՀ-ն ՌԴ դաշնակիցն է. ՀՀ քաղաքացին կարող է ունենալ իր դիրքորոշումն ու կարծիքը, բայց անթույլատրելի է ցանկացած խժդժության փորձ, որը կփորձի մեր երկիրը դարձնել բախումների հարթակ Ուկրաինայի և ՌԴ կողմնակիցների համար",- հավելեց նա: