23.11.2024
ԱԳՆ-ը նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցում անվանեց «տակտիկական սխա՞լ»
prev Նախորդ նորություն

Բաբայան. Այս պահի դրությամբ ամենակարևորը խաղաղության ու կայունության պահպանումն է

Հակամարտության կարգավորումը կախված է բոլոր կողմերից: Եթե Ադրբեջանը մշտապես շարունակում է իր ապակառուցողական, դեստրուկտիվ, հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը, ապա իհարկե խոսել ինչ-որ զարգացումների մասին դժվար է: Այս իմաստով ամենակարևորն այն է, որպեսզի պաշտպանվի երկրի անվտանգությունը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այսօրվա հայտարարությունը:

Նշենք, որ Կառավարության նիստից հետո Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե «խոսել ԼՂ հարցում հայակական կողմի փոխզիջումների մասին, կոնկրետացնել այդ փոխզիջումերը, բայց չիմանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Ադրբեջանը, պարտվողական տակտիկա է»:

«22 տարի է, ինչ ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմը ավարտվել է, բայց փոքր-ինչ դրական փոփոխություն Ադրբեջանն այս տարիների ընթացքում իր տեսլականի մեջ չի մտցրել: Այդ պատճառով մենք միշտ հայտարարում ենք. եթե վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը և Ադրբեջանը հրաժարվի իր ռևանշիստական ու նացիստական մոտեցումներից, ապա հնարավոր կլինի խոսել տարբեր մոտեցումների մասին: Բայց եթե դա չկա՝ այս պահի դրությամբ ամենակարևորն այն է, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով շրջանառության մեջ դրված այն խոսակցություններին, թե հայկական կողմը արդեն իսկ հստակորեն պատրաստվում է հանձնել ԼՂՀ շուրջ հինգ շրջանները, ինչի դիմաց, ըստ մամուլի, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անգամ խոստացել են խոշոր ֆինանսական աջակցություն տրամադրել հակամարտության երեք կողմերին, Դավիթ Բաբայանն ասաց, որ այս ամենում շատ վատ զարգացումներ է տեսնում, քանի որ խոսքը հիբրիդային պատերազմի մի ձևի մասին է, որը վարում է հակառակորդը: Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակի՝ ՀՀ և ԼՂՀ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները յուհատուկ են, քանի որ Ադրբեջանը և՛ Հայաստանին, և՛ Արցախին գերազանցում է թե՛ ազգաբնակչության թվաքանակով, թե՛ նյութական առումով և այլն: Հայտնի է, որ նավթադոլարների միջոցով Ադրբեջանը գնում է մեծ քանակությամբ զինտեխնիկա, բայց այդ նյութական առավելությունը նա չի կարողանում օգտագործել իր կողմից նախանշված նպատակները կյանքի կոչելու համար, այն է՝ Արցախի վերացում, Հայաստանի որոշ տարածքների զավթում և այլն, որովհետև հայկական կողմը գերազանցում է Ադրբեջանին հոգևոր առումով:

«Հայկական կողմը գերազանցում է նրանց գաղափարախոսությամբ, ավյունով, պատրաստակամությամբ պաշտպանելու մեր երկիրը: Հակառակորդը այս 22 տարիների ընթացքում մտածել է, թե մենք թույլ ենք, քանի որ այդքան խնդիրներ ունենք և պատերազմ է սկսել, բայց պարզվեց, որ օրհասական պահերին հայությունը կրկին միացավ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կրկին ցույց տվեց իր ուժը՝ ջախջախելով հակառակորդին: Քառօրյա պատերազմը իր տեղը դրեց Ադրբեջանին և նրանք հասկացան, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հարվածել մեր ամենաուժեղ կողմին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանն ու հոգևորին: Վերջին հատկապես երկու-երեք ամիսներին մի մեծ արշավ է սկսվել և, ցավոք, ոմանք կուլ են տալիս այդ խայծը»,- նկատեց Դավիթ Բաբայանը:

Որպես ապացույց նա մատնացույց արեց այն իրավիճակին, որ առկա է սոցիալական ցանցերում՝ համատարած խայտառակ, կեղտոտ, մեկը մյուսին անպատվելու ալիք, իսկ ցավալին այն է, որ այդ մաղձը կարող է քայքայել այդ միասնականությունը: Թերևս սա է ամենազգալի զենքն այսօր հակառակորդի ձեռքին, և շատերը դրան, ըստ Բաբայանի, տրվում են:

Եվս մեկ ուղղություն, որ տարվում է այս պատերազմում՝ հակառուսական տրամադրությունների սերմանումն է: Բաբայանը նկատեց, որ դա շատ զգալի է դարձել վերջին ամիսներին և սոցիալական ցանցերում ակտիվ հակաքարոզչություն է տարվում: Բայց դա անփոփոխ է թողնում այն իրողությունը, որ Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:

«Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ինչպես նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի հետ ու, մասնավորապես, մեր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես ուզում են մեզ հոշոտել, իսկ ռուսական գործոնը զսպիչ է: Բացի դա, մենք ունենք Սփյուռք, որի ամենամեծ օջախները Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում են, ինչպե՞ս կարող ենք մենք այդ պետությունների հետ վատ հարաբերություններ ունենալ: Այնպես որ հակառուսական տրամադրությունների սերմանումը արհեստական, միտումնավոր պայքար է, որը նախևառաջ ձեռնտու է մեր հակառակորդին. Նա անցել է լրիվ այլ հարձակման որակի»,- հավելեց Արցախի նախագահի խոսնակը: