Արցախի գազի մատակարարաման խնդիրների լուծման համար ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունները վերապահված են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:
“ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից”, - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, մարտի 24-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի միջամտության հետևանքով Արցախը գազամատակարարումից զրկելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Փաշինյանի խոսքով, Բաքուն խնդիր է դրել ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախ գազամատակարարումը` շատ ցուրտ եղանակային պայմաններում բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։ Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի պահվածքը որակել է հումանիտար ահաբեկչություն։ Մինչդեռ հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հրամանատարի մակարդակով այս հարցով բանակցում է ադրբեջանական կողմի հետ։
Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը՝ կանխելու հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների անմիջական և անխոչընդոտ ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։