24.11.2024
Դեդոլարիզացիան կարող է բխել Հայաստանի էներգետիկ շահից. Վահե Դավթյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արտակ Դավթյանը բողոքել է, թե իրեն «պադստավկա» են արել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել` չի համաձայնել։ Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց ակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել` նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են Արցախի հարցով քննարկում կազմակերպել: Նախագիծը «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին է: Այն Ազգային ժողով է մուտք արվել մարտի 14-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս թեմայով քննարկում անցկացնելու հրատապությունն այն է, որ հատկապես վերջին շրջանում ադրբեջանական ագրեսիվ եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետությունում անվտանգության լրջագույն հիմնախնդիրներին զուգընթաց ստեղծվել է հումանիտար ծանր վիճակ, որը սպառնում է վերածվել աղետի: Նաեւ նախագծի մեջ խմբակցությունը նշում է, որ ելնելով իրավիճակից՝ շատ կարեւոր է, որ այդ քննարկմանը ներկա լինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ու հանդես գան զեկույցներով: Նշենք, որ այս հարցով քննարկում անցկանցելեու մասին ստորագրահավաքին միացել են երկու խմբակցությունների պատգամավորները, եւ զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարեւորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։ Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի՞ այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամության թեմայով հասարակական խորհրդի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ ՄԶԳ եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երբ փորձել են քննարկել հաշմանդամության խնդիրները, նորընտիր օմբուդսմենը հմտորեն խոսակցությունը շրջել է եւ սկսել է խոսել խտրականությունից եւ հաշմանդամների մասին քննարկումը վերածել է սեռական փոքրամասնությունների թեմայով քննարկման: Ներկաները հասկացել են, որ ազգայնական Թաթոյանին փոխարինել է գլոբալիստ, եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը, որի խնդիրը լինելու են ոչ թե սահմանամերձ բնակավայրերի եւ արցախցիների իրավունքների պաշտպանությունը, քաղբանտարկյալներն ու ազատ խոսքի ոտնահարումը, այլ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը»:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը «կլասիկ ընդդիմադիր գործիչ», ավելի շուտ՝ իշխանությունների աջակից, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին հայտնեց նրան վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելով։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակում էին ՀՀ նախագահները եւ ԱԳ նախարարները։ Ի՞նչ առաքելություն ունի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչո՞վ է տարբերվում նրա գործունեությունը մյուս դեսպանների գործունեությունից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը կատարում է երկրի վարչապետի (նախագահի, ԱԳ նախարարի) տարբեր էպիզոդիկ հանձնարարություններ։ Սա ավելի շատ ներկայացուցչական պաշտոն է, ստատուս է հաղորդում այն զբաղեցնողին` երկրից դուրս այցելությունների ժամանակ։ Հատուկ հանձնարարություններով դեսպանները սովորաբար չեն նստում որեւէ երկրում, չեն ունենում նստավայր, նստում են ԱԳՆ-ում եւ կատարում են պետության ղեկավարության կոնկրետ հանձնարարությունները։ Հիշեցնենք, որ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան է նաեւ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ. մարտին։ Նախկինում նման կարգավիճակ են ունեցել Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Լիպարիտյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թալին խոշորացված համայնքում նույնպես նոր ընտրություններ կնշանակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները հաստատեցին ավագանու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանին թեեւ համայնքապետ ընտրել է՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին, բայց ավագանու որեւէ նիստ մինչ օրս տեղի չի ունեցել։ «Ավագանին որեւէ նիստ չի անցկացրել, ու եթե այսպես շարունակվի, ապա, ըստ օրենքի, նոր ընտրություններ կնշանակվեն հունիսի սկզբին, որովհետեւ ընտրություններից հետո վեցամսյա ժամկետը հունիսին է լրանում,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Իրականում իշխող ՔՊ-ն էլ է հասկանում, որ ավագանու մյուս խմբակցության անդամները տեղի չեն տալու, ու քաղաքն այդպես՝ քաղաքապետով, բայց առանց ղեկավարման է մնալու։ Այդ իսկ պատճառով մտածում են, որ նոր ընտրությունն է միակ ելքը»։ Իշխող ՔՊ-ն, հիշեցնենք, այստեղ նույնպես, ատամներով պահելով, իշխանություն է ձեւավորել։ Թալինի 21-հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաեւ Կարեն Գրիգորյանը «Հայք» խմբակցությունից: Թեեւ ՔՊ-ն, տարբեր մեխնիզմներ բանեցնելով, ավագանուն կարողացել է համոզել կամ ստիպել համայնքապետ ընտրել, բայց ավագանին նիստ գումարել չի կարողանում, քանի որ Սափեյանի օգտին քվեարկած Գրիգորյանը հրաժարվել է մանդատից, իսկ մյուս խմբակցությունների ավագանու անդամներն առ այսօր բոյկոտում են ավագանու նիստի մասնակցել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել: Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը, անտեղյակ լինելով օրենսդրական վերջին փոփոխությունից, Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար եւս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար պետք է ընտրի երկու դատավորի այն դեպքում, երբ նշված պալատում ազատ հաստիքներ չկան, արդյունքում պալատի դատավորների թիվը կկազմի 8՝ օրենքով սահմանված 6-ի փոխարեն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ն ԱԺ-ից հետ է կանչել Վճռաբեկի դատավորների թեկնածուների ցուցակը, եւ դեռ ավելին՝ աննախադեպ քայլի են գնացել՝ ոչնչացնելով որոշումը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագիծ է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն դրվել է հանրային քննարկման: Մեզ հայտնի դարձավ, որ հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնները ձեւավորվում են հետեւյալ բաղադիրչներից՝ հարգալիրություն եւ գնահատանք, օրինականություն, բարեխղճություն եւ հավատարմություն հանրային շահին, թափանցիկություն եւ հաշվետվողականություն, բարեկրթություն, անաչառություն, օբյեկտիվություն եւ խտրականության բացառում, շահերի կառավարում, նվերների ընդունման արգելք, քաղաքական չեզոքություն եւ քաղաքական զսպվածություն եւ այլն։ Նշենք, որ հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որեւէ նվեր դրամական միջոցի կամ դրամական միջոցի փոխարկվող այլ գործիքի տեսքով, օրինակ՝ նվեր քարտեր, վիրտուալ տարադրամներ, բանկային մուրհակներ, ճամփորդական չեկեր եւ այլն։ Ըստ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների՝ հանրային ծառայողը պարտավոր է աշխատանքի ներկայանալ գրասենյակային ոճի հագուստով։ Հանրային ծառայողին արգելվում է թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր օգտագործելը կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատանքի ներկայանալը։


Ավելին, հանրային ծառայողին արգելվում է աշխատանքի վայրում ծխել: Եւ ամենակարեւորը՝ հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, այդ թվում՝ հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները, ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել: Նաեւ հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական էջերում քաղաքական որեւէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմատատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց: Արձանագրենք, որ այսօր բազմաթիվ են այն հանրային ծառայողները, որոնք սոցիալական ցանցերում իրենց անմիջական ղեկավարներին պաշտպանող գրառումներ են անում։