Արևմուտքի կարգախոսն է՝ «աշխարհն առանց Ռուսաստանի ավելի անվտանգ ու բարգավաճ կլինի». Թևանյան
Հունական փիլիսոփայություն, հռոմեական իրավունք, քրիստոնեական բարոյականություն, բողոքական էթիկա։ Սրանք այն հենասյուներն են, որոնց վրա հիմնված է Արևմուտքի արժեհամակարգը։ Ավելի ճիշտ՝ հիմնված էր, քանզի ահագին կոդեր փոխակերպվել են, ձևախեղվել են, պրոֆանացիայի են ենթարկվել։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
"Գեդոնիզմը, ուտիլիտարիզմը, լիբերտարիզմը շեղումներ են, որոնք խժռել են ավանդական արևմտյան արժեքները, փչացրել են ազատականության և ընկերվարության մասին դասական ընկալումները։
Կոդափոխվել են նաև Արևմուտքի քաղաքացիական «կրոնները»՝ քաղաքական ժողովրդավարությունը և շուկայական հարաբերությունները։ Վերջիններս հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության և մասնավոր սեփականության անձեռնմխելիության սուրբ կոդերի վրա։
Նախորդ դարի առաջին կեսում Արևմուտքը երկու անգամ հանդիպեց լրջագույն ներքին շեղումների՝ բոլշևիզմ և նացիզմ/ֆաշիզմ (այս երկուսն էլ ամբողջությամբ արևմտյան գաղափարախոսությունների ծնունդ են և արևմտյան արժեհամակարգի մաս են կազմում)։
Ֆաշիզմն ու բոլշևիզմը սպառնալիք էին մարդու իրավունքներին և մասնավոր սեփականությանը։
Ֆաշիզմի դեմ Արևմուտքը, բոլշևիզմի հետ դաշինք կնքելով, ռազմական ճանապարհով հաղթանակ տարավ։ Իսկ ահա բոլշևիզմի դեմ հաղթանակն Արևմուտքն ապահովեց «փափուկ ուժի» միջոցով․ Բեռլինի պատն ընկավ առանց մեկ կրակոցի։
ՍՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցնծության մեջ էր։ Հաջողությունից գլխապտույտ էր ապրում։ ԱՄՆ–ը ստանձնել էր միջազգային ժանդարմի դերը։
Միաբևեռ աշխարհը դեգրադացրեց Արևմուտքին ու լկտիացրեց «ոսկե միլիարդի» հայեցակարգի կողմնակիցներին։ Սակայն ժամանակի ընթացքում Չինաստանը, Ռոսաստանը, Հնդկաստանը և բազմաբևեռ աշխարհի մյուս փոքր ու միջին կողմնակիցները մարտահրավեր նետեցին Արևմուտքին, որն արդեն զգալիորեն հեռացել է իր իսկ արժեքներից։
Ուկրաինական ճգնաժամն արժեհամակարգային և մշակութաբանական է։ Երբ մենք տեսնում ենք, որ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում, ոտնձգություն է իրականացնում սրբության սրբոց համարվող մասնավոր սեփականության ինստիտուտի նկատմամբ ու դա անում է ռասիստական տարբերակով, ապա ակհայտ է, որ 1918–1922թթ․ գրված հայտնի աշխատության մեջ Շպենգլերի նկարագրած ճգնաժամը շատ ավելի խոր արմատներ ունի։
20–րդ դարասկզբին էքսպոպրիատորների էքսպոպրիացիան դատապարտող Արևմուտքն այսօր ընկել է նեոտրոցկիզմի գիրկն ու գեբելսյան քարոզչատեխնոլոգիաների միջոցով հակառուսական ռասիզմ է տարածում և հակառուսական կուլակաթափություն իրականացնում՝ կռիվ տալով անգամ համաշխարհային մեծության գրող և խորքային Արևմուտքի ճարտարապետներից համարվող Դոստոևսկու դեմ (աշխարհը Ֆրեյդի տեսության ծնունդի համար պարտական է հենց Դոստոևսկուն, որի ստեղծագործությունները հոգեվերլուծության գոհարներ են և ոգեշնչել են Ֆրեյդին)։
Աշխարհը հիմա կանգնած է 3–րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Տնտեսական առումով այն արդեն գործողության մեջ է։ Ռազմականը սպասվում է։ Սարսափելին այն է, որ բախումը կարող է միջուկային մարտագլխիկներով լինել։
ՌԴ նախագահ Պուտինն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Ռուսաստանը», իսկ Արևմուտքի կարգախոսն է՝ «Աշխարհն առանց պուտինյան Ռուսաստանի ավելի անվտանգ ու բարգավաճ կլինի»։ Սրանք փոխբացառող և բախումնածին կարգախոսեր են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Մնում է հուսալ, որ աշխարհի առաջնորդներն այնքան ողջամտություն և խոհեմություն կունենան, որ մարտագլխիկներն աջ ու ձախ չեն նետի։
Մեկ բան ակհայտ է՝ աշխարհն այս ճգնաժամից հետո էական փոփոխության է ենթարկվելու։ Մենք՝ հայերս, ամեն ինչ պետք է անենք այդ աշխարհում մեր տեղն ու դերն ունենալու համար",- գրել է Թևանյանը Facebook-ի իր էջում։