25.11.2024
Արևմուտքի կարգախոսն է՝ «աշխարհն առանց Ռուսաստանի ավելի անվտանգ ու բարգավաճ կլինի». Թևանյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի երկակի խաղերը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով եւ կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաեւ իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։ Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա տեղեկանքներ են կազմվում եւ ուղարկվում ՀՀ իշխանություններին, դրվում Նիկոլ Փաշինյանի սեղանին, որպես ապացույց, որ դուք Հայաստանում հակառուսական պրոպագանդա եք հովանավորում, եւ ձեր իշխանության ներկայացուցիչները հակառուսական տեսակետներ են հայտնում։ Ամեն նման դեպքում առաջարկում են արագ միջոցներ ձեռնարկել եւ մեղավորներին պատժել։ Ռուսաստանն այլեւս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել եւ միանշանակ հավատարմության ու դաշնակցության ապացույցներ է պահանջում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան մտավորականների խմբին ընդունած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով 2020-ի պատերազմի մասին, իր վերլուծությունն է ներկայացրել պատերազմի ու պարտության պատճառների մասին։ Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ էինք մենք պարտված, քանի որ պարտվել էինք դեմոգրաֆիական «պատերազմում»․ «Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»։ Եվ սպառազինությունների մոդեռնացման հարցում էինք ահռելի հետ մնացել աշխարհից։ Իսկ հոկտեմբերի 3-ին ինքը վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք, եւ ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել։ Ներկաները նաեւ հարցեր են տվել, թե ով իրեն ինչպես է պահել պատերազմի օրերին, ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում։ Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ իր հիացմունքը հայտնելով այդ անձանց մասին՝ ասելով, որ ինքն այդ օրերին իր համար «բացահայտում» է արել։ Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն է, ով ամեն օր իր կողքին է եղել՝ «փոքր երեխու նման, ինչ խնդրել եմ, արել է»։ Իսկ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Սեյրան Օհանյանից, ով Շուշիում է եղել, եւ մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել» է Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, ով նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ եւ նվիրվածությամբ։ Իսկ Քյարամյանի անվան հետ կապվող՝ ինկասացիայի մեքենայով փողերը Շուշիից դուրս բերելու թեման ամբողջովին հորինված թեմա է, որովհետեւ Շուշիի բանկերը դեռ նախորդ օրերին էին գումարները հանել Շուշիից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տեւական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Հետաքրքիր է՝ ինչ է 1 տարի 4 ամիս քննում ԱԱԾ-ն եւ դեռեւս չի կարողանում պարզել: Հիշեցնենք, որ 2020 նոյեմբերի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան: Բացի այդ, նույն օրը Երեւան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողով նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Հեկտարն ու նեկտարը իրար հետ շփոթող, մեծն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը, շատերս ենք հիշում, թե Արարատի մարզ ոտք դնելու առաջին իսկ օրվանից ինչպես եւ ինչու դարձավ ազգային հումորի թեմա: Բայց ինչքան էլ նա ձգտի մինչ օրս ձեռքերում ամուր պահելու այդ «տիտղոսը», այլ գործերով եւս Գարիկը հասցնում է աչքի ընկնել: Իր վսեմագույն անձին խիստ սիրահարված Գարիկ Սարգսյանը, «քավորսանիկ մեկ ընտանիք» բրենդի տակ, վայելելով թափահարող Փաշինյանի անվերապահ աջակցությունը, մինչ օրս ոչ միայն փոշիացնում է Արարատի մարզում տարիներով շատ ու շատ հարգված մարդկանց արած-դրածը՝ չխնայելով եւ ոչ մի օբյեկտ ու կառույց… Եվ ահա «կոկորդիլոս թռցնող» Գարիկ Սարգսյանը, հիմա էլ քավորի ասած` օդում կախված լուրերի համաձայն, աչք է դրել Էրեբունու վարչական շրջանում գործող ավտոշուկայի վրա: Ուստիեւ, ասում են՝ քավորի կառավարությունը սկսել է «կար ու ձեւը»` այդ ոլորտում նոր «ականներ տեղադրելու» եւ, ըստ էության, սանիկի «ռազմերով նոր կոստյում կարելու» համար: Ի դեպ, ըստ նույն լուրերի, խոսակցություններ են պտտվում, որ բացի Գարիկ Սարգսյանից, ավտոշուկայի տեր դառնալու բուռն ախորժակ ունի նաեւ Փաշինյանի աներձագը` նույն ինքը Հրաչ Հակոբյանը, ում հայտարարագրերն այլեւս միլիոններից են սկսում արդեն: Ամեն դեպքում, տրված է օրենսդրորեն ավտոշուկաների գործունեությունը «կարգավորելու» գործընթացը: Ամեն դեպքում, այդ «կարգավորումների» հարցով մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ վարչապետին, անսալով հստակ պատասխաններ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են, նախորդ օրն էլ իր հայրենի Նոր Կյանքի ու հարեւան Ոսկետափի անապահով ընտանիքներին է 20-35 հազարական դրամ տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։ Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանութունը որակեց ոչ թե որպես աջակցություն անապահովներին, այլ՝ ընտրակաշառք։ Այդ հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, եւ նա 2021 թ․ հուլիսից անազատության մեջ է։ Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կլինեն, դեկտեմբերի 5-ին Գարիկ Սարգսյանն ու ՔՊ-ն խայտառակ ցուցանիշ գրանցեցին՝ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը մի քանի տոկոս էր պակասում իշխանությունը վերցնելու համար, հիմա ՔՊ-ն հույս ունի նաեւ փող բաժանելով գնել իշխանությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի խոշորագույն բանկ Bank of Georgia-ն քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջեւ։ Նախքան բանկային հաշիվ բացելը, նրանք պետք է ստորագրեն մի փաստաթղթի տակ, որտեղ ասված է․ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում եւ Ուկրաինայում։ Համաձայն եմ, որ Ռուսաստանն օկուպանտ է, որը 2008-ին ներխուժել է Վրաստան, իսկ 2014 եւ 2022 թթ․՝ Ուկրաինա։ Ես պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ճանաչում եմ Աբխազիան եւ Սամաչաբլոն որպես Վրաստան․․․ չեմ կիսում ռուսական պետական քարոզչությունը եւ պատրաստ եմ օգնել դրա դեմ պայքարում։ Հասկանում եմ, որ այս դրույթների ցանկացած խախտում կհանգեցնի Վրաստանի բանկում իմ հաշվի չեղարկմանը»: Եթե հրաժարվում են ստորագրել, ապա բանկը հրաժարվում է հաշիվներ բացել եւ սպասարկել ՌԴ քաղաքացիներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում վերջին շրջանում անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ դրանք ավելի են բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի ոչ բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ կազմում է 1300 դոլար: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 683 հազար դրամով, մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերին այն կազմել է 680 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2400 դրամով թանկացել է: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Փոխարենը Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները նվազել են 1100, Ավանում՝ 1000 դրամով, Աջափնյակում՝ 500 դրամով, Մալաթիայում՝ 1100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2100 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2050 դրամով, իսկ Դավիթաշեն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 353 հազար 500 դրամով, Ավանում 316 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 312 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 309 հազար դրամով: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում ե՛ւ անցյալ տարվա դեկտեմբերին, ե՛ւ այս տարվա հունվարին արժեցել է 190 հազար 50 դրամ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարում: Օրակարգում ընդամենը երկու հարց է՝ ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը: Ի տարբերություն առաջինի՝ վերջին նախագիծը խորհրդարանում երկու ընթերցում չի անցնելու. պատգամավորներն Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ վերցնելու մասին համաձայնագիրը կա՛մ հաստատելու են, կա՛մ չեն հաստատելու: Ի դեպ, ըստ ներկայացված նախագծի՝ ԱՄՀ-ից Հայաստանը երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն ԱՄՆ դոլար կարող է ստանալ: Ինչ վերաբերում է ծխախոտներին վերաբերող հարցին, ապա ՀՀ կառավարությունն այս նախագծով հստակեցնում է՝ ինչ ասել է ծխախոտային փոխարինիչ: Ըստ ներկայացված փաթեթի՝ ծխախոտի փոխարինիչներ են համարվում էլեկտրոնային կամ մորտկոցային հիմքով, մրգային տարբեր համեր ունեցող ծխախոտները: Ո՞րն է ծխախոտի մասին նոր նախագծի իմաստը կամ նպատակը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագծի պատմության ու դրա հիմնավորման՝ նախագծի նպատակը սոսկ սահմանելն է, թե որն է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը»: Փաստորեն, ընդամենը բառակապակցություն հստակեցնելու հարց են խորհրդարանի լիագումար նիստում ներառել, այն էլ՝ արտահերթ ձեւաչափով, խիստ հրատապ»: