Կառավարությունը մինչև 35% կփոխհատուցի անասնաբուծության ոլորտում խոշոր ներդրումները
Անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում մինչև 35% փոխհատուցում կտրամադրվի: Նման որոշում է կայացվել կառավարության մարտի 3-ի նիստում:
Որոշման մեջ ասվում է, որ ՀՀ կառավարությունն անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի շրջանակում տնտեսավարողներին կտրամադրի առավելագույնը 5 փուլով փոխհատուցում, ընդ որում 1 շահառուին տրամադրվող փոխհատուցումն առավելագույնը կկազմի կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3.5 մլրդ ՀՀ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ ոչ ավելի քան 2.8 մլրդ ՀՀ դրամը։
Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում վերջին երեք տարիներին անասնաբուծության համախառն արտադրանքը նվազել է. 2020թ.-ին այն կազմել է 433.8 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ.-ի 477.1 մլրդ ՀՀ դրամի դիմաց:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսության արտադրողականության էապես բարելավում, անասնաբուծական հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալների, ինչպես նաև ինքնաբավության մակարդակի ավելացում: