Վահագն Խաչատուրյանը նախագահ չի ընտրվել. անցկացվում է երկրորդ փուլ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընտրությունների առաջին փուլում նախագահ չի ընտրվել։ Խորհրդարանի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 խորհրդարանական։ Կողմ քվեարկեց 69, դեմ՝ 0 պատգամավոր, սակայն ստացված ձայների թիվը չի բավարարել ընտրության համար։
Ուստի այսօր՝ մարտի 3-ին, կազմակերպվելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջադրվել է նույն թեկնածուն՝ Վահագն Խաչատուրյանը, խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել նախագահի ընտրության գործընթացը։
Քանի որ, ըստ սահմանադրական կանոնակարգի, առաջին փուլում առաջադրված թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ, ընտրությունն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով` ժամանակի կեսը հատկացվում է թե թեկնածությունը ներկայացնելուն, թե թեկնածուի ելույթին:
Նշենք, որ քվեարկության առաջին փուլի արդյունքները կանխորոշված էին։ Սահմանադրության համաձայն՝ ընտրությունների առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Սա նշանակում է, որ Խաչատրյանի ընտրությանը «կողմ» արտահայտածների ընդհանուր թիվը պետք է լիներ 81, իշխող ուժն այդքան մանդատ չունի։ Նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ միասին ՔՊ խմբակցությունն ունի 71 պատգամավոր, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կարող է միանալ իշխող խմբակցությանը։
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները՝ ասելով, որ մտադիր չէ լեգիտիմացնել դրանք։ Ընդդիմադիրներն ասացին, որ առաջադրված թեկնածուն իշխող թիմի մաս է, այլ ոչ թե հասարակության մեջ հեղինակություն վայելող անկախ գործիչ։
Սակայն իշխող ուժը հնարավորություն ունի միանձնյա ընտրել նախագահին երկրորդ փուլում, երբ ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը՝ 65 կողմ ձայն։ Այդքան ձայն կարող է ապահովել իշխող ուժը։