23.11.2024
Քուվեյթի դեսպանը հեռանում է. նա հանդիպել է Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանում շինարարության ծավալները գահավիժում են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գեւորգ Կոստանյանը ցանկանում է որեւէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից եւ ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել: Նա նախընտրել է որեւէ երկրում դեսպան աշխատել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են: Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել է 7,8 տոկոս: Սակայն ուշագրավն այն է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն է կտրուկ նվազել: Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է ավելի քան 70 տոկոսով: Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել է 9 տոկոս: Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների եւ բարեգործական միջոցների հաշվին: Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունն այլեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու Երևանի ՋԷԿ-ի պարտքերի ևս մի «խմբաքանակ» փակելու մասին։ Խոսքը ավելի քան 10 միլիարդ դրամի մասին է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության նիստի օրակարգ է մտցրել մի նախագիծ, որով ենթադրվում է համայնքների և այլ սուբյեկտների տնօրինության տակ գտնվող գազաբաշխման ցանցերն ու համակարգերը ամբողջությամբ ներառել Երևանի ՋԷԿ-ի հաշվեկշռում, իսկ Երևանի ՋԷԿ-ը իր հերթին այդ ունեցվածքը տալու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը որպես վերջինիս ունեցած պարտքի մի մասի մարում։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ նույն այդ կառավարությունը մոտ 1.7 միլիարդ դրամ մի փոքր այլ սխեմայով կրկին տրամադրեց Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի վերջինս այն էլի փոխանցի «Գազպրոմ Արմենիային» որպես կուտակված պարտքի մարում։ Այսպիսով, կարճ ժամանակահատվածում կառավարությունը մոտ 12 միլիարդ դրամ է տվել Երևան ՋԷԿ-ի պարտքերի մարմանը և դեռ հայտնի չէ, թե էլի որքան պետք է տա, որպեսզի պարտքը ամբողջությամբ մարվի։ Ինչպես է գոյացել այդ պարտքը, ով է մեղավոր, ինչու պետք է պետությունը մարի այդ պարտքը։ Ըստ ամենայնի՝ խոսքը «Նաիրիտի» կուտակած պարտքի մարման մասին է, սակայն այդ մասին կառավարությունը համառորեն լռում է»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ բանակցություններին իր միջնորդական ծառայությունն է առաջարկել նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Ասում են, որ թեեւ նրա անձն ընդունելի է եղել նաեւ այդ օրերին գործողությունների կիզակետում հայտնված բազում հասարակական-քաղաքական անձանց ու նաեւ «Սասնա ծռերի» համար, սակայն նրան մերժել են նախագահականից։ Առարկությունների հիմքում եղել է այն, որ նա Վարդան Օսկանյանի կուսակից ընկերն է, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, եւ կարիք չկա, որ իրազեկվի գաղտնի որոշումների մասին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 17:00-ին, հայաստանյան մեդիադաշտի 15 ներկայացուցիչներ «Հանուն խոսքի ազատության» խորագրով հավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում: Սա Հայաստանում կարելի է ասել աննախադեպ ակցիա է, քանի որ տարբեր դիրքորոշում ու պատկերացում ունեցող մի շարք խմբագիրներ գործող իշխանությանը կոնկրետ պահանջներ են ներկայացնելու` տալով վերջնաժամկետ: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանների թիկունքից հարձակվեցին լրագրողների վրա ու թիրախավորված ծեծի ենթարկեցին մեր գործընկերներին, կոտրեցին մասնագիտական գործիքները: Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք, որին կարող են մասնակցել ինչպես լրագրողներ, այնպես էլ՝ իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններ: Համբերության բաժակը լցվել է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է 2015-ի հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնություն կիրառելու փաստերը: Մեկ տարի անց չորս ոստիկանների մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով առաջիկայում նոր մեղադրյալներ եւս կներգրավվեն: Փաստացի, ՀՀ իշխանությունները ընդունում են, որ այս տարվա հուլիսի 29-ի երեկոյան դեպքերը, երբ ոստիկանները նպատակաուղղված բռնություն էին կիրառում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ, իրենց անգործության հետեւանքն էր: Եթե ՀՔԾ-ն մեկ տարի առաջ ոստիկաններին պատժեր՝ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար, ապա հուլիսի 29-ի դեպքերը չէին լինի»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԵՏՄ կոլեգիայում բանակցություններ են ընթանում՝ անդամ երկրներում ռոումինգային սակագները վերացնելու ուղղությամբ։ Նախնական արդյունքներով, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային օպերատորներն արդեն մոտ են ընդհանուր հայտարարին, եւ մոտ ժամանակներս ռոումինգի, ինչպես նաեւ ինտերնետ ռոումինգի սակագները շեշտակի նվազելու են՝ զրոյական դառնալու վերջնանպատակով։ Ըստ նախնական հաշվարկների, նախագծի իրագործման արդյունքում ստացվող տնտեսական ազդեցությունը կկազմի տարեկան 4 մլրդ. ռուբլի»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանում կրկին գների նվազում է արձանագրել։ Ըստ այդմ, գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.5 տոկոսով անցած տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ։ Ինչպես արդեն նշել ենք, գների նվազումը արտաքուստ լավ երեւույթ լինելով, իրականում խիստ բացասական ազդեցություն է թողնում տնտեսության վրա։ Ու գնանկումը, լինելով ապագա զարգացումները արգելակող երեւույթ, նաեւ պատճառ է լինելու ապագայում տնտեսության անկման համար։ Ինչո՞ւ է Հայաստանում դիտվում գների անկում։ Հիմնական պատճառներից մեկը բնակչության գնողունակության անկումն է։ Եթե շատ կոպիտ նկարագրենք, ապա պատկերը հետեւյալն է. մարդիկ, ունենալով ավելի քիչ եկամուտներ քան նախկինում, ստեղծում են թույլ գնողունակ պահանջարկ։ Տնտեսվարողներն էլ որպեսզի կարողանան իրենց ապրանքները վաճառել, ստիպված ավելի քիչ եկամուտ են «դնում» ապրանքի գնի մեջ։ Ուստի նվազում են տնտեսվարողների եկամուտները, նվազում են այդ տնտեսվարողների մոտ աշխատող մարդկանց աշխատավարձերը, կրճատվում են աշխատատեղերը։ Բացի դրանից, նաեւ նվազում է այդ տնտեսվարողների կողմից իրենց բիզնեսը ընդլայնելու եւ արդիականացնելու համար հատկացվելիք գումարը, եւ տնտեսությունը մտնում է լճացման փուլ։ Մի խոսքով, գնանկումը նույնքան վատ երեւույթ է, որքան չափից ավելի գնաճը։ Ու պետությունները իրենց դրամավարկային քաղաքականությամբ պայքարում են գնանկման դեմ նույն ջանասիրությամբ, ինչպես գնաճի դեմ։ Այդ պայքարի առաջամարտիկը Հայաստանում պետք է լիներ ՀՀ կենտրոնական բանկը։ Գնանկման պայմաններում ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի տնտեսությունը, պատկերավոր ասած, փողով հագենար։ Եվ ինչպես արդեն բազմիցս նշվել է, դրա լավագույն տարբերակը բանկերի կողմից տնտեսությանը տրվող վարկերի տոկոսադրույքների նվազեցումն է։ Իսկ դրա համար ԿԲ-ն պետք է նվազեցնի այսպես կոչված վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց ԿԲ-ն այնքան վախվորած ու դանդաղ տեմպերով է նվազեցնում այդ տոկոսադրույքը, որ կարծես իր «մսից է պոկում»։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն նվազեցնում է անցած տարվա օգոստոսից սկսած եւ մինչ օրս 10.25 տոկոսից նվազեցրել է մինչեւ 7.5 տոկոսի։ Բայց այդ նվազեցման արդյունքում գնանկումը չի դադարում։ Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ի վախվորած գործելաոճը չի տվել ցանկալի արդյունքները, բայց այդ կառույցը շարունակել է նույնքան վախվորած գործել։ Ու չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է մոտ 3 տոկոսով, դա ըստ էության չի ազդել բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի համարժեք էժանացմանը։ Ու տնտեսությունը շարունակում է «քաղցած» մնալ»։