25.11.2024
Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. դա ԱՄՆ-ում գծված սցենար է
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մարտի կեսին Տիգրան Ավինյանը փաստացի կստանձնի Երևանի կառավարումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետն արդեն 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։ Սակայն մենք տեղեկացանք, որ դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել՝ հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։ «Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, եւ տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասաց մեր աղբյուրը։ Այսինքն, ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։ Որոշ տեղեկություններով, մարտի կեսին Տիգրան Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Օդում կախված լուրերի համաձայն, 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու առաջարկ է արվել նաեւ ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Սակայն նա իր պայմաններն է թելադրել եւ տեղեկացրել, որ բացառապես այդ պայմանները բավարարելուց հետո կներգրավվի այդ աշխատանքներին: Ըստ նույն լուրերի, Բաբայանն առաջարկել է պաշտպանության նախարարի տեղակալներից մեկին օժտել առանձնահատուկ լիազորություններով, որպեսզի նա կարողանա առանց որեւէ մեկի հետ քննարկելու հանձնաժողովին տրամադրել այդ ժամանակահատվածին վերաբերող ցանկացած տեղեկատվություն եւ, առհասարակ, այն բոլոր տվյալները, որոնք կարող են լույս սփռել իրավիճակի բացահայտմանը: Իշխանականների շրջանում տարածված լուրերի համաձայն, Բաբայանի առաջարկն ընդունվել է միայն ի գիտություն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ես դեռեւս մեկ տարի առաջ ասել էի, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի, հիմա երեւի միսիան իրագործվել է: Այսքանը կարող եմ ասել»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատմանը, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «Իրավունքը» ներկայացրել էր իր լուրն այն մասին, որ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆում: Եվ առաջին հերթին ԳՇ-ում: Դավթյանի պաշտոնանկությունը այդ լուրի հաստատումն է: Իսկ Դավթյանին հաջորդեց հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանի, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանի, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանի պաշտոնանկությունը: Նկատենք նաեւ, որ արդեն անգամ դժվար է ասել, թե Նիկոլի պաշտոնավարման օրոք ԳՇ-ի որերորդ պետն է փոխվում: Սա բանակը ոչնչացնող ամենահիմնական գործոններից մեկն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն այս օրը, Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել, որում իր «վճռական բողոքն էր արտահայտում անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ»: Այն ժամանակ, հիշեցնենք, վերոնշյալ պաշտոնը Տիրան Խաչատրյանն էր զբաղեցնում: Մի քանի տասնյակ զինվորականներ հիշյալ հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջել՝ նշելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Թե ինչ համբերություն նկատի ունեին զինվորականները, որոնցից շատերն, ի դեպ, մինչեւ այժմ էլ պաշտոնավարում են ՀՀ ԶՈւ-ում, խիստ անհասկանալի է: Ո՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, եթե ցայօր հանդուրժում են մի մարդու, ում մի տարի առաջ ասում էին, թե «նրա իրականացրած անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ԳՇ պետ է ազատում պաշտոնից, իր քիմքին հաճելի նոր նշանակումներ անում, բայց սպայական ուսադիր կրողները խիստ անհասկանալի նշանակումների հետ ասես առավել քան հաշտ են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած որոշում է կայացվել, որ Սյունիքի մարզպետն ու տեղակալները պետք է հեռանան, անցած շաբաթ էլ մարզի ՔՊ-ի միջոցով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են, որ պետք է հեռանա, սակայն նա որոշել է մինչեւ վերջին շունչը պայքարել եւ դիմում գրելու փոխարեն իրեն գցել է գյուղեգյուղ։ Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ այցելում է սահմանային համայնքներ, մարզպետարանը հաղորդագրություններ է տարածում, թե մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչեւ Գորայք, մարզպետի ուշադրության կենտրոնում է, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են բնակիչները շփվում նրա հետ։  Մարզպետն ուզում է իշխանություններին ստիպել, որ հրաժարվեն իրեն ազատելու մտքից, քանզի մարզում ինքն ընդունելի պաշտոնյա է։ ՔՊ-ում ասում են՝ զուր ջանքեր են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից` նրանք իրենց գոյատեւման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ։ Վստահ են, որ այլեւս երբեք Ռուսաստանը դուրս չի գա Արցախից, իսկ եթե դուրս գա, Ադրբեջանը կմտնի, դա նշանակում է, որ հայերն էլ ռուսական զորքի հետ պետք է հեռանան կամ «քաշվեն սարերն ու սկսեն պարտիզանական կռիվը»: Դեպքերի այս ընթացքից ուրախ են նաեւ այն պատճառով, որ պատերազմում հաղթելու դեպքում խիստ մեծանում է ՌԴ ուժային կառույցների` ՊՆ-ի, ФСБ-ի դերակատարումը, իսկ Արցախի իշխանությունների շփումը հենց այդ կառույցների հետ է: Հայտնի է, որ Ռուսաստանում մի քանի «աշտարակներ» կան, եւ դրանք միմյանցից տարբերվող դիրքորոշումներ ունեն: ՌԴ ԱԳՆ-ի եւ ուժայինների միջեւ կան հակասություններ, իսկ Արցախի «կուրացիան» անող ուժայինները բավականին պրոհայկական կեցվածք են դրսեւորում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 21-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին, եվրոպական երկրներն իրար հետեւից հայտարարություններ են անում ու հայտնում Ռուսաստանի Դաշնության հանդեպ սանկցիաների մասին: Իրավիճակը հատկապես սրվեց փետրվարի 24-ի առավոտյան, երբ Վլադիմիր Պուտինն արդեն բացահայտ հայտարարեց հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այսինքն՝ միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր եւ հայտարարում է կապերը խզելու մասին, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը նման աջակցություն չստացավ, եւ Ադրբեջանի հանդեպ նման լուրջ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին: Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք: Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները առնչվում են ռուսաստանյան ընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց: Երեկ եւս ՌԴ հանդեպ պատժամիջոցների մասին նոր հայտարարություն եղավ: Ըստ այդմ, Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ նույն միջազգային հանրությունը չէր շտապում այդպես արագ պատժամիջոցներ կիրառել կամ ագրեսոր համարել Ադրբեջանին: Այդ շրջանում միջազգային հանրության կողմից ավելի շատ երկու կողմերին զսպող հայտարարություններ էին արվում, Ադրբեջանի կամ Թուրքիայի հանդեպ շատ քիչ կառույցներ կամ երկրներ պատժամիջոցներ կիրառեցին: Օրինակ՝ Նիդեռլանդների խորհրդարանը 2020 թվականի նոյեմբերին հայտարարեց, թե մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիեւայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաեւ հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։ Եվրոյի դեպքում 96 ռուբլուց բարձր է կուրսը։ Այսպիսի տվյալներ մեկ էլ գրանցվել էին 2014 թվականին։ Մասնագետները կանխատեսում են ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Այդ ամենն իր անդրադարձն է ունենում նաեւ հայկական շուկայի վրա։ Ռուբլին հայկական դրամի նկատմամբ եւս սկսել է արժեզրկվել։ Երեկ օրվա վերջին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, 1 ռուբլին 5.6 դրամ էր, մինչդեռ նախորդ օրերին 6-ից բարձր էր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարները, որոնք արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում: Մասնագետների կանխատեսմամբ՝ վերջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով արտահանման ծավալները կարող են էականորեն նվազել: Բնականաբար, արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս եւ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, որոնք որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ: Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, որոնք ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում: Մյուս կողմից՝ եթե այսպես շարունակվի, ապա դա նշանակում է նաեւ, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա: Բացի այս, մասնագետների խոսքերով՝ ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք արեցին՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։ Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվեց, որ այսօր՝ փետրվարի 25-ին, կգումարվի արտահերթ ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։ Ջհանգիրյանը փորձում է սպառնալիքների միջոցով դատավորներին հետ պահել ժողովին մասնակցելուց՝ համոզված լինելով, որ միությունը կընդունի դատական իշխանության անկախության դեմ իշխանությունների ոտնձգությունները դատապարտող հայտարարություն։ Ջհանգիրյանը, որից Նիկոլ Փաշինյանն այնքան էլ գոհ չէ՝ համակարգը կառավարել չկարողանալու պատճառով, հերթական քննությունը պետք է հանձնի, որ շարունակի պաշտոնավարել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը այսօրվա կայանալիք դատավորների ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից մոտ 60-նն է ներքին կարգով ասել, որ հետ չեն կանգնի իրենց ստորագրությունից: Ստացվում է՝ եթե դատավորների ժողովին 60 դատավորր ներկա գտնվեց, ապա ժողովը չի կայանա: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Եվ, ահա, այսօր դատավորների ժողով է լինելու, որին 93 ստորագրահավաք իրականացրած դատավորներից շատերը հետ են կանգնել, եւ ընդամենը մոտ 60 դատավոր է ասել, որ կգան ժողովին»: