Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նշել է ԱՊՀ ամենախոցելի երկրները՝ Ուկրաինայի հետ հակամարտության սրման պատճառով Ռուսաստանի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցների սահմանման դեպքում։ Այս երկրների հիմնական ռիսկերի թվում է աշխատանքային միգրանտներից ստացվող տրանսֆերտների կրճատումը Ռուսաստանի տնտեսության անկման դեպքում: Նշված երկրների թվում է Հայաստանը։
Forbes-ը գրում է, որ Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան և Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ամենախոցելիներն են Moody’s վարկանիշային գործակալության վերլուծաբանների ուսումնասիրության համաձայն։
Moody’s-ի փորձագետները կարծում են, որ հակամարտության հետ կապված ԱՊՀ երկրների համար ռիսկերը համեմատաբար փոքր կլինեն՝ պայմանով, որ Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները ռուսական տնտեսության լուրջ դանդաղում չառաջացնեն։ Moody’s-ն ընդգծում է, որ նման սցենարը չի դիտարկում որպես ելակետ։ Եթե պատժամիջոցներ սահմանվեն, դա կազդի ԱՊՀ երկրների վրա տարբեր ուղիներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ նրանց տնտեսական, ֆինանսական և էներգետիկ կապերը, ինչպես նաև թույլ իրացվելիությունը և արտաքին դիրքերը, ասվում է հետազոտության մեջ։
Moody’s-ի վարկանիշներն արդեն հաշվի են առնում այդ ռիսկերը, ուստի նրանց վրա կարող են ազդել միայն կոշտ պատժամիջոցները, որոնք կհանգեցնեն ռուսական տնտեսության զգալի դանդաղեցման կամ էներգակիրների մատակարարումների լուրջ խափանումների, որը քիչ հավանական է նույնիսկ լարվածության աճի դեպքում, ասվում է գործակալության հետազոտության մեջ:
Բելառուսը, ըստ Moody’s-ի, ունի B3 վարկանիշ՝ բացասական կանխատեսմամբ։ Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան գործակալությունը շնորհել է B3 վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ, Հայաստանը՝ Ba3՝ կայուն հեռանկարով։ Ռուսաստանը Moody’s-ի կողմից ներդրումային մակարդակի սուվերեն վարկանիշ ունի (Baa3)՝ կայուն կանխատեսմամբ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան ԱՊՀ երկրների վրա, որոնք առավելապես կախված են Ռուսաստանից տրանսֆերտների հարցում՝ դրանք Ղրղզստանն ու Տաջիկստանն են, կարծում է Moody’s-ը։ Ռուսաստանի տնտեսության հնարավոր դանդաղումը կհարվածի Ղրղզստանի և Տաջիկստանի վարկունակությանը աշխատանքային միգրանտներից տրանսֆերտների նվազման պատճառով, որոնք, ըստ Համաշխարհային բանկի, կազմում են իրենց ՀՆԱ-ի համապատասխանաբար 33%-ը և 30%-ը: