22.11.2024
Անդառնալի վնաս հասցրածների հետ մեր պետության մասին քննարկելու ոչինչ չունեմ. Մելքոնյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայկ Մարությանի կյանքում ամեն ինչ լավ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Իմ կյանքում ամեն ինչ լավ է, հիմա խորհրդակցության եմ, կներեք»,- «Իրավունքի» հետ զրույցում այսպես պատասխանեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ներկայանալուց հետո հնարավորություն չտալով անգամ հարց հնչեցնել: Մինչդեռ տարածված լուրերի համաձայն, նախկին քաղաքապետը գրասենյակ է հիմնել եւ որոշակի գործունեություն է փորձում ծավալել քաղաքական դաշտում: Թե ինչով է հատկապես հիմա զբաղված Մարությանը, ինչքանով են տարածված լուրերը իրականությանը համապատասխանում, այդ հարցերի պատասխաններն էին, որ փորձում էինք ստանալ նախկին քաղաքապետից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեպետ բացառեց, որ ակտիվանալու համար ընդդիմությունը սպասում է արտաքին ազդակների, սակայն նրա խոսքը Ռուսաստանին ուղղված մեսիջներ էր պարունակում: Նախ` քննադատեց Արեւմուտքի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականությունը։ Ասաց, որ եվրոպական կառույցներն ու ԱՄՆ-ն արժեհամակարգը հետին պլան են մղել՝ առաջնային պլան մղելով աշխարհաքաղաքական հաշվարկները. «Արեւմուտքը փորձում է երկակի ստանդարտներով Հայաստանին ինչ-որ կերպ հեռացնել Ռուսաստանից»։ Նախորդ անգամ խուսափել էր այս թեմայից, այս անգամ հստակ կողմ արտահայտվեց միութենական պետությանը. «Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»: Սպասենք այս մեսիջների պատասխանին` հյուսիսից:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ: Նախ՝ նշենք, որ դեռ հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ պատգամավոր Գաբրիելյանը եւ Դավիթ Տոնոյանը բարեկամական կապեր ունեն: Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի քեռու տղան է (ոչ հարազատ): Նկատենք՝ մինչ այդ էլ՝ դեկտեմբերի 27-ին, Վիլեն Գաբրիելյանը համացանցի իր էջում տեղադրել էր իր ու Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել. «Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս: Ծնունդդ շնորհավո՜ր, միշտ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես» սկզբունքով: Որովհետեւ արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վիլեն Գաբրիելյանին՝ հասկանալու համար, թե բարեկամական կապն է պատճառը, որ նա անձնական երաշխավորությամբ դիմել էր դատարան, թե իրոք վստահ է, որ Տոնոյանն անմեղ է, եւ նրան անարդար են մեղադրում, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին եւ ո՛չ էլ հաղորդագրություններին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է: «Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «տանը կռիվ է գցել»: Խորհրդարանական մեծամասնությունն անցանկալի երկընտրանքի առջեւ է կանգնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ լինել ըննդիմության նախագծին: Մի կողմից հակահայ փաստաթղթի քննարկման ու այն դատապարտման խիստ կարեւոր հարց է դրված, մյուս կողմից՝ ընդդիմադիրների կողմից բերված նախագիծ է, որին կողմ քվեարկելու բարդույթ ունի ՔՊ-ն: Կողմ քվեարկելը կշանակի համաձայնել ու ընդունել ընդդիմության առաջ քաշած օրակարգը, բայց այդ մտքի հետ չպատճառաբանված ամբիցիաներով առաջնորդվող իշխանավորները հաշտվել չեն կարողանում: Նիստը տապալել ու փաթեթը չքննարկել էլ չեն կարող, քանի որ հասարակությունը հերթական առիթը կունենա, թե իշխանությունը դեմ է Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականությունը դատապարտող նախագծին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 9-ին գրել էր, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ եւ դիմել է ընդդիմության օգնությունը, սակայն նրանց մտադրությունը չի հաջողություն չի ունեցել, եւ, ըստ էության, արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի: Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսված է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել մարտի 14-15-ին, իսկ դա էլ ենթադրում է, որ արագ պետք է կազմակերպեն ընտրության երկրորդ փորձը, այսինքն՝ ՀՀ նախագահի ձախողված ընտրության փորձից անմիջապես հետո կլինի 2-րդ փուլը, եւ նախատեսված է նախագահի ընտրությունն ավարտել մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային քաղաքականությունն այս իշխանությունների աքիլեսյան գարշապարն է՝ կա՛մ անփորձ ու անտեղյակ անձանց են նշանակում, կա՛մ՝ մերձավորներին, մանկության ընկերներին ու համադասարանցիներին, որոնք կարճ ժամանակ հետո հայտնվում են սկանդալների մեջ, բոց-հարցազրույցներ տալիս, խայտառակում իրենց ու իրենց նշանակողներին։ Նրանցից ավելի խելացիներն աշխատում են քիչ շփվել լրագրողների հետ եւ առանձնապես աչքի չընկնել։ Այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լեւոն Սահակյանի թեկնածությունը: Լեւոն Սահակյանը տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվելուն պես ապօրինի որոշում ընդունեց` ընդդիմադիր համայնքապետերին ազատելով պաշտոնից: Ապա նրանց փոխարինողներ նշանակեց։  Անդրեասյանը, որ դիմադրեց ապօրինի որոշմանը, հայտնվեց իրավապահների թիրախում` նրա նկատմամբ գործ հարուցվեց «ինքնիրավչություն իրականացնելու» հոդվածով, քանի որ Անդրեասյանը հրաժարվել էր Սարգսյանի նշանակած համայնքապետին փոխանցել համայնքապետարանի կնիքը: Նրան բերման էին ենթարկել, իսկ որդու մասնակցությամբ միջադեպից հետո ազատ էին արձակել` կալանավորելով որդուն: Նրան մեղադրեցին հորը բերման ենթարկող ոստիկաններին ծեծելու մեջ։ Երեկ Անդրեասյանը մեզ հայտնեց, որ իր դեմ հարուցված գործը կարճվել է, մինչդեռ որդու կալանքը փոխելու համար ներկայացված երկրորդ միջնորդությունն են մերժել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա։ Դրամաշնորհը տվել են ճապոնացիները, մեքենաների մրցույթը շահել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը փայաբաժին ունի: Այս ընկերությունն է ներկրելու շտապօգնության մեքենաները, բնականաբար՝ Toyota մակնիշի, հետո դրանք տեղում համալրելու է համապատասխան կահավորանքով եւ տրամադրի առողջապահության նախարարությանը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով․ «Հույս ունենք, որ հունիսին պիտի ստանանք մեքենաները։ Իրենք ճապոնական Toyota-ներ են՝ հագեցված բոլոր սարքավորումներով եւ հարմարեցված մեր ճանապարհների համար։ Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի շրջանակներում իրականացրել է տենդեր, որը երկար պրոցեսներ անցնելու արդյունքում գնվել է իրենց կողմից եւ տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը»։ Խոսքը մոտ 39 մեքենայի մասին է՝ Toyota Hiace մոդելի, որոնք նախարարությունը բաշխելու է Երեւանի եւ մարզերի ԲԿ-ների միջեւ։ Փաստորեն, ոստիկանության «Շկոդա»-ների փորձը դաս է եղել` հասկացել են, որ մեր պայմանների համար ոչ պիտանի մեքենաների ներկրումը կարող է հետո գլխացավանք դառնալ, եւ «Տոյոտային»` որպես մատակարար, հնարավոր չէ դուրս մղել դաշտից»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած լուրերի համաձայն` ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր չեն համաձայնել «ինստրուկտաժ» անցնել եւ դառնալ նորաթուխ պարեկներից մեկը, ասում են` դիմում գրի, ազատվի: Անգամ նրանց են ոստիկանությունում հեռացնում, որոնց թոշակի անցնելուն մնացել է երկու-երեք տարի: Ավելին` ոստիկանությունից հոխորտում են, որ կհոգան, որպեսզի նրանք երբեք որեւէ իրավապահ մարմնում աշխատանքի չկարողանան տեղվորվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում զգալի բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է ոչ բոլոր վարչական շրջաններում: Կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, դրանք նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 8 հազար 300 դրամով. այն գերազանցում է 1410 դոլարը: Եթե նոյեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 672 հազար 300 դրամ, դեկտեմբերին այն դարձել է 680 հազար 600 դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները եւս բարձրացել են 9100 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 6050 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 345 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 351 հազար 300 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու: Օրինակ, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը 322 հազար 300 դրամից նվազել է՝ դառնալով 318 հազար 50 դրամ, իսկ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի գինը 3500 դրամով է նվազել: