Անդառնալի վնաս հասցրածների հետ մեր պետության մասին քննարկելու ոչինչ չունեմ. Մելքոնյան
Մեր պետությանը անդառնալի վնաս հասցրածների հետ մեր պետության մասին քննարկելու ոչինչ չունեմ: Այս մասին գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ երեկ տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը և Թուրքիայի հետ բանագնացը հանդիպել և հայ-թուրքական խնդիրներն են քննարկել մի խումբ փորձագետների հետ:
Իր դիրքորոշումը հետևյալն է.
"Սա իշխանությունների իմիտացիոն քայլերից մեկն է և նպատակ ունի տպավորություն ստեղծել, թե նրանք հարգում են մասնագիտական կարծիքը:
Եթե այս իշխանությունները իրոք մտածեին պետական շահի մասին, ապա իրենց տոտալ ձախողումից հետո պետականությանը չէին հասցնի ևս մեկ հարված և կհեռանային իշխանությունից, բնականաբար չէին էլ մասնակցի ընտրություններին: Հենց նրանց պատճառով է, որ Հայաստանը հայտնվել է նման իրավիճակում և հայ-թուրքական բանակցություններում ունենք ծանր ստարտային պայմաններ:
Եվ հիմա պետությանը նման վնաս հասցրածների հետ հանդիպել և քննարկել պետության շահերը ուղղակի անտրամաբանական է: Հանդիպմանը մասնակցած փորձագետների մի մասի ներկայությունը կանխատեսելի էր` հաշվի առնելով նրանց կողմնորոշումները, սակայն իմ որոշ ավագ գործընկերների մասնակցությունը համարում եմ ՍԽԱԼ և ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ:
Սա գործընթացի լեգիտիմացմանը նպաստ է և եթե ցանկանում էին հանդիպել, ապա կարելի էր փակ հանդիպում կազմակերպել, որը հատուկ է այդ ժանրին, և խուսափել լուսանկարվելուց ու իշխանական քարոզչությանը նպաստելուց",- գրել է Մելքոնյանը Facebook-ի իր էջում: