23.11.2024
Կառավարության հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին և կոչ արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ միջամտել

Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այդ մասին ասված է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ:


Նշվում է, որ հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար: «Այն ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում:


Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:


Ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։


Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար», - ասված է հայտարարության մեջ:


Փետրվարի 3-ին հայտնի դարձավ՝ Ադրբեջանում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «աղվանացնելու» հայկական մշակութային ժառանգությունը, հատկապես եկեղեցիները: Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», որի նպատակն է իբր «ալբանական կրոնական տաճարներում հայերի գրած հորինված հետքերը վերացնելը»: Այդ խմբում ընդգրկված են նաև պետական կառույցների ներկայացուցիչներ:


Դեռևս 2020 թ-ի վերջին Հայաստանի, Արցախի ՄԻՊ-երը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել էին ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակությային վայրերի պահպանության հարցով։ Որոշակի քայլեր ձեռնարկել է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Արցախի թեմը ևս զբաղվում է այդ խնդրով:


44-օրյա պատերազմից հետո 1482 մշակութային արժեք է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, որոնք այժմ վտանգված են: Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մտնել իր վերահսկողության տակ անցած տարածքներ։