Գնաճը գլոբալ ազդեցության արդյունք է, մենք փորձում ենք այն զսպել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 3-ի նիստում խոսեց Հայաստանում արձանագրվող բարձր գնաճի և այն զսպելուն ուղղված կառավարության ջանքերի մասին:
Փաշինյանը նախ նշել է, որ 2021 թվականին արձանագրված 7,2% գնաճը գլոբալ ազդեցության արդյունք է, որը կառավարությունը փորձում է զսպել: «Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի այն բերել պլանավորած միջակայքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ 2019-ին Հայաստանում գրանցվեց գնանկում, թեպետ պարենային ապրանքների շուկայում ամբողջ աշխարհում գնաճ կար: «Դրան մենք հանգիստ էինք վերաբերվում, քանի որ դա մենաշնորհների հաղթահարման արդյունք էր»,-նշեց Փաշինյանը:
Այդ տարվա գնանկումով հանդերձ, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանն ուներ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը։ «Ներկա գնաճի մեջ ներքին արհեստական խթաններ չկան, դրանք արտաքին ազդեցության հետևանք են», - վստահեցրեց նա։