25.11.2024
ԱԳ նախարարը խնդիր չի տեսնում Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու հարցում
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը կարող է օգնել Երևանին և Բաքվին, բայց ոչ փոխարինել նրանց. Շալենբերգ

Երևանում գտնվող Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի և միջազգային մարդասիրական կառույցների մուտքն Արցախ թույլատրելու հարցում, պետք է քաղաքական կամք դրսևորեն հակամարտող կողմերը:


Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին ժամանակ Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը նշեց, որ միջազգային հանրությունը չի կարող փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը։


Նշելով, որ պատերազմից հետո դեռ «վերքը բաց է» և մի շարք խնդիրներ, այդ թվում «կարգավիճակի» ու «սահմանների հարցերը» լուծված չեն՝ այնուամենայնիվ Ավստրիայի ԱԳ նախարարը դրական միտումներ է տեսնում: «Ես այժմ տեսնում եմ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլեր, - ասել է նա ու Ավստրիայի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի անունից ընդգծել: - Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»։


Նա այժմ տեսնում է պատրաստակամությունը ճիշտ քայլերի դիմելու, որ համար «քաջություն է պահանջվում»։ Ավստրիացի նախարարը նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ չլուծված ԼՂ հակամարտությանը կարգավորում գտնելու գործում։


Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը աշխատանքային այցով փետրվարի 2-3-ը գտնվում է Հայաստանում։ Նրա պատվիրակության կազմում են ավստրիական 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Փետրվարի 3-ին կայանալու է հայ-ավստրիական բիզնես համաժողով։ Այցի ընթացքում Երևանում կտրվի Ավստրիական զարգացման գործակալության աշխատանքի մեկնարկը։