VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Թվում էր, թե նորաթուխ քաղաքապետը լինելու է ընդամենը տեղապահ, մինչեւ հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխող թիմն իր սրտի թեկնածուին քաղաքապետ դարձնի: Ի դեպ, ամենահավանական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Սակայն, պարզվեց, Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։ Օրերս մենք անդրադարձել էինք քաղաքապետարանում սկսված կադրային ջարդին․ ազատվել են քաղաքապետի 4 տեղակալները, արդեն քանի օր է՝ թեժ պայքար է գնում, թե ով է նշանակվելու: Մեծ թվով թեկնածություններ են քննարկվում: Սարգսյանը, մեզ հասած տեղեկություններով, հակադրվում է Ավինյանի ներկայացրած թեկնածուներին, ուզում է իր մարդկանց առաջ հրել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ավելի քան երեք տասնյակ թեկնածուների մասին է խոսք գնում։ Սակայն նախօրեից քաղաքապետարանում խոսակցություններ են պտտվում, որ հաշվի առնելով նորաթուխ քաղաքապետի քմահաճությունները, հնարավոր է, որ հենց Ավինյանն էլ նշանակվի փոխքաղաքապետ, եւ տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնի, որպեսզի ընտրությունների նախապատրաստությունը թափով եւ անխափան ընթանա»:
«Հրապարակը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին: Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ: Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ արդեն ընտրվելու են: Բացի Տիգրան Ավինյանից, փոխքաղաքապետերի թեկնածուներ են՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, առողջապահության ներկայիս փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: 3 փոխքաղաքապետերն էլ Ավինյանի մտերիմներն են ու շատ երիտասարդ, թե ինչու է նրանց վրա կանգնել նախկին փոխվարչապետի ընտրությունը՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք ընտրություններում ձայն բերող չեն և քաղաքի կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն: Հերթական անգամ ընտրությունը կատարվել է մտերմության սկզբունքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է ԱԺ, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանի հետ։ Խաչատուրյանը խորհրդարան է գնացել՝ իշխանական պատգամավորների հետ ծանոթանալու եւ հայցելու նրանց աջակցությունը։ Մեկուկես ժամանոց հանդիպման մեծ մասը նա նվիրել է իր կենսագրականը ներկայացնելուն, դժգոհել է լրագրողներից, թե իր կենսագրությունը խեղաթյուրում են, հատկապես քաղաքապետ եղած տարիների գործունեության մասին են լեգենդներ գրում։ Մեր աղբյուրները փոխանցեցին, որ հանդիպումն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, պատգամավորները դրական տպավորություն են ստացել թեկնածուից։ Ինչպես հայտնի է, ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ է ընտրելու նրան։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն, նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Առաջին փուլում նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով, երկրորդ փուլում՝ արդեն ձայների երեք հինգերորդով, ինչը նշանակում է, որ առաջին փուլում նախագահ չի ընտրվի, որովհետեւ ընդդիմությունը կբոյկոտի, իսկ երկրորդ փուլում արդեն իշխող մեծամասնությունն ինքնուրույնաբար կընտրի իր թեկնածուին: Նախնական հաշվարկներով, նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից հետո 10 օրվա ընթացքում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց։ Այդ ուսունասիրության արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գործավարուհու գործողությունների մասով, սակայն ավելի ուշ դատախազությունը գործը փակել է: Հիմա էլ գործընթաց է սկսվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի մասով, որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։ Ու ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ասել է թե՝ դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընաց է սկսվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին եւ մի շարք ընդդիմադիր համայնքապետերի եւ ԺՊ-ներ նշանակել։ Անդրեասյանը բողոքարկել է որոշումը, աշխատակազմը հրաժարվել է աշխատել ԺՊ-ի հետ։ Անդրեասյանը մեզ ասաց, որ առաջին անգամ իր ենթակաները հրաժարվել են լսել իր հորդորը եւ շարունակել աշխատանքը։ Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին, իշխանությունը քրտնաջան պատրաստվում է դրան, Սարգսյանն անգամ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել, որ իրեն ձայն տան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Սա այն եզակի դեպքերից եւ նախագծերից է, երբ հեղինակները ԱԺ բոլոր հինգ խմբակցություններն են: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նախագծից: Նախ՝ նկատենք, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այժմ օրենքի նախագծում մանրամասն նշվելու են այդ հանգամանքները, դրանց հետեւանքները եւ օկուպացված տարածքները: Այսինքն՝ Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա, եւ այդ մասին օրենք է ընդունելու՝ նշելով տեղանունները, տարածքները, վեր հանելով նաեւ փախստական անձանց խնդիրները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հադրութից տեղահանված մարդկանց կարգավիճակին: Բացի այդ, օրենքում բարձրացվելու են մշակութային, պատմական ժառանգության խնդիրներ, որոնք այժմ առկա են: Հավելենք, որ օկուպացիայից հետո այսպիսի նախագծերի մշակումն ու ընդունումը միջազգային ընդունված պրակտիկա է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շրջանառության մեջ է դրված բոլոր խմբակցությունների կողմից, այն միանշանակ կընդունվի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որը գործարար աշխարհից է եկել քաղաքականություն եւ «Անռիվա» տուրիստական գործակալության հիմնադիրն է, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։ Հակոբյանը հայտարարել էր, թե ով՝ ով, բայց Ստամբուլյանը Երեւան-Ստամբուլ թռիչքներից չպետք է խոսի, որովհետեւ, իր բնորոշմամբ, «տարիներ շարունակ գումար է վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»։ Ստամբուլյանն այս հայտարարությունը համարում է զրպարտանք իր հասցեին, քանի որ ինքը ո՛չ թռիչքներ է իրականացրել Երեւան-Ստամբուլ ուղղությամբ, ո՛չ էլ գումար է վաստակել դրա հաշվին։ Պատգամավորի փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ հայցադիմումն արդեն մուտք է արվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ինչպես նաեւ գործարար համբավին պատճառված վնասի փախհատուցում են պահանջում` 6 մլն դրամի չափով, որը հետագայում ուղղվելու է բարեգործության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթով: Փաթեթը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին: Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձեւավորվում է բացառապես դրամական միջոցներից: Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որեւէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձեւակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Հիմնավորման համաձայն՝ խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, եւ առաջանում է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի անհրաժեշտությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան-սփյուռք կապերի մասին խոսվում է ամեն օր. տպավորություն է, որ ամբողջությամբ չօգտագործված ներուժի հիմնական մեղավորը հենց պետությունն է, որ այդպես էլ չկարողացավ ստեղծել լիակատար վստահության մթնոլորտ, չկարողացավ ստեղծել համակարգ` ինչը Հայաստան կբերեր նման նոր մարդկանց ու նոր ներդրումներ: Մեր օրաթերթը ժամանակ առ ժամանակ նամակներ է ստանում համայնքներից, բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ցանկանում են մեր միջոցով շնորհակալություն հայտնել՝ այս կամ այն բարերարին: Նամակ կամ զանգ ստանալուց հետո մենք սկսում ենք փոքրիկ հետաքննություն, ու եթե ներկայացվածը համապատասխանում է իրականությանը` արձագանքում ենք քաղաքացիների խնդրանքին: Հերթական զանգը Արարատի մարզի Լուսառատ համայնքից էր, որտեղ կառուցված ֆուտբոլային նոր դաշտն ու տեղում մանկապատանեկան թիմերի ստեղծումը նիդերլանդահայ բարերար, շուրջ 30 տարի Նիդերլանդների թագավորությունում ապրած Արմեն Սարգսյանի եւ նրա ընտանիքի ներդրումների արդյունքնն է: Մեր հաշվարկներով` բարերարի կողմից միայն գյուղական ֆուտբոլային դաշտի վերակառուցման եւ տեղում մանկապատանեկան թիմ պահելու վրա ծախսվել է շուրջ 70հզ ամերիկյան դոլարին համարժեք դրամ. կա ոչ միայն ֆուտբոլային որակյալ պարագաների անհրաժեշտ քանակ, այլեւ` տեղում ձեւավորված թիմը մասնակցում է Հայաստանի իրենց հասակակիցների առաջնությանը, իսկ տրանսպորտային ծախսերն ու մարզչի աշխատավարձը նույնպես հոգում է Արմենը: Մեզ փոխանցեցին, որ Սարգսյանների ընտանիքը պլանավորում է մշտական բնակություն հաստատել հայրենիքում. մասնավորապես, տարվա մեծ մասը ծննդավայրում է բարերարի հայրը` Արցախյան առաջին պատերազմի վետերան Հակոբ Սարգսյանը: Մեզ տեղեկացրին, որ պլանավորված են խոշոր այլ ներդրումներ, որոնց կյանքի կոչվելու դեպքում Արարատի մարզի Լուսառատ համայնքը կարող է դառնալ օրինակելի, ու գյուղից եկած ու հաջողություններ գրանցած մեր մյուս հայրենակիցներն էլ մի քիչ գումար կներդնեն իրենց ծննդավայրերի համար` ինչպես անում են Արմենի նման մարդիկ: Տարիների ընթացքում շատ ենք լսել դեպքեր, երբ այս կամ այն չինովնիկը նեղացրել է բարերարներին. հույս ունենք, որ երկրում գոնե այս մասով իրավիճակ իրապես փոխվել է, եւ նման մարդկանց անկեղծորեն կօգնեն ու կգնահատեն: Շղթայական ռեակցիան կսկսվի այդպես»: