24.11.2024
Քաղաքական փոթորիկ նախանշող քայլ Արմեն Սարգսյանի հրաժարականը. Դեմկուս
prev Նախորդ նորություն

Հայաստանում համավարակի պրոգրեսիվ աճի շրջան է սկսվել. նախարար

Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում նկատվում է «օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Այդ մասին կառավարության հունվարի 27-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակը Հայաստանում:


Հիշեցնելով, որ հունվարի 26-ին Հայաստանում գրանցել է 2556 կորոնավիրուսի նոր դեպք և 2 մահ՝ նախարարը նկատեց, որ այս շաբաթվա ընթացքում երկրում համավարակի պրոգրեսիվ աճի շրջան է սկսվել։ Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, ապա այն, ըստ նախարարի, տատանվում է 5-6 տոկոսի շրջանակներում:


«Այսինքն՝ հիվանդացածների միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը, կարելի է ասել, միակ ուրախալի լուրն է այս ընթացքում», - ասաց նա՝ հավելելով, որ իրավիճակին նպաստում են ինչպես պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը, և իհարկե նաև շտամի որոշակի առանձնահատկությունները։


Նա տեղեկացրեց, որ նախարարությունն առաջիկայում ունի հիվանդանոցային մահճակալների ծավալման պլան։ «Այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, դա կանենք ըստ պահանջի։ Ներկայում 6 բժշկական կենտրոններ են, որոնք ընդգրկված են կովիդ բուժման մեջ»,- ասաց նա։


Նախարար Ավանեսյանը նկատեց, որ պատվաստումների գործընթացը ակտիվորեն շարունակվում է. «Արդեն առաջին դեղաչափն ստացել է քաղաքացիների 45,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը»։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք պատվաստումների աճ, և նորից պետք է շեշտադրենք, որ ի վերջո պատվաստումներն իրենց նպատակին ծառայել են», - ասաց նա։