24.11.2024
Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում լուծել հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սկանդալները Սամվել Բաբայանից անպակաս են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Մեր աղբյուրները պնդում են, որ կոնֆլիկտը նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի։ Մեր ունեցած տեղեկություններով, ծեծի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել. մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո շատ ճկուն ձևով տեղափոխվել է վերջինիս ճամբար։ Ավելին, Օսիպյանը կտրուկ փոխել է իր մոտեցումներն ու հայացքները և անգամ որոշ առիթներով քննադատաբար է արտահայտվել Բաբայանի հասցեին։ Թերթի արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի վերջնական որոշմանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը, որակելով այն կասկածելի: Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, եւ թեստավորվեց: Միթե՞ առանց որեւէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է եւ դիմում բժիշկների։ Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաեւ պատերազմից վերադարձածները: Ասում են՝ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ համադրել՝ արտագնա ընդլայնված նիստ անցկացնել։ Եռօրյա հավաք են նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը։ ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Դիլիջան, որտեղ հյուրատներից մեկում քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, պահվածքը, ընդդիմադիրների հետ շփումների հրապարակային դրսեւորումները եւ այլն։ Մեզ ասացին, որ այդ հավաքը պետք է կայանար դեռեւս հունվարի կեսերին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։ Մասնավորապես՝ Փաշինյանն էլ պետք է մասնակցեր, սակայն ինֆորմացիոն արտահոսքի պատճառով հավաքը հետաձգվել է: Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու եւ ինքնամեկուսանալու մասին։ Սա նշանակում է, որ առաջիկա հավաքին չի՞ մասնակցի։ «Դեռ պարզ չէ»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Բայց Փաշինյանը կորոնավարակով մեկուսացած է։ «Եթե ցանկանա, դիմակով կմասնակցի»,- ասաց մեր աղբյուրը։ Այս նիստի պարագան ուշագրավ է նաեւ նրանով, որ իշխանությունն ընդլայնված նիստի անվան տակ կխուսափի Բանակի օրվա միջոցառումներին մասնակցելուց։ Չնայած առանձնապես մեծաքանակ միջոցառումներ նախատեսված էլ չեն․ երբ բանակը վերացնում են, այլեւս ի՞նչ տոն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։ Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և, ըստ ամենայնի, կառավարման համակարգի փոփոխություններին ընդառաջ, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի ամրապնդվել՝ դրա համար իշխանությունը փաստացի կենտրոնացնելով ընդգծված հավատարիմների ու յուրայինների ձեռքերում, և նրանց նշանակում է առանցքային պաշտոններում:  Մասնավորաբար, նախ՝ ընտրություններից հետո նա ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանին, իր հավատարիմ «զինակիցներից» ևս մեկին՝ Ռոմանոս Պետրոսյանին, ուղարկեց Պետական վերահսկողական ծառայություն, նախկին գլխավոր խորհրդականին՝ Հակոբ Սիմիդյանին, նշանակեց շրջակա միջավայրի նախարար, Սուրեն Պապիկյանին էլ՝ պաշտպանության նախարար: Այս օրերին տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ-ն հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Տեղեկություն կար, որ աշխատակազմի ղեկավար կդառնա Նաիրի Սարգսյանը, որը երեկ ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը հնարավոր է նշանակվի դեսպան: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Արմեն Փամբուխչյանն էլ կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարար: Կառավարության կուլիսներում խոսում են, որ այսպիսով, Փաշինյանը փաստացի «ռեսթարթ» է անում թիմը՝ առաջին պլան բերելով հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչներին, որոնց նա լիարժեք վստահում է: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը համոզված է, որ նրանք ինչպես իրեն հավատարիմ եղել են, այդպես էլ լինելու են՝ անկախ առկա ու սպասվող վայրիվերումներից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակներում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլեւ իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում-տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում-տանում է պաշտպանության նախարարություն, եւ եթե տարիքը համապատասխաներ, գուցե ՀՀ նախագահ առաջադրեր։ Դա է պատճառը, որ հայտնի մականունով մեկը նշանակվում է մարզպետ, ապա՝ նախարար, հետո՝ կարեւոր վերահսկողական կառույցի ղեկավար։ Մականունով մյուսը՝ 4 ոլորտի գիգանտ նախարարությունում ձախողվելուց հետո, նշանակվում է աշխատակազմի ղեկավար, հիմա էլ կարող է առաջարկվել ՀՀ նախագահի պաշտոնին։ Դա է պատճառը, որ 27-ամյա տղան դառնում է փոխվարչապետ, 28-ամյա տղան՝ ԱԱԾ տնօրեն։ 27-ամյա տղան դառնում է վարչապետի օգնական, իսկ 3 տարուց արդեն այնպիսի հզոր կադր է համարվում, որ նրա ազատման հարցը բուռն քննարկվում է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ավելի լուրջ պաշտոնի չի գնալու։ Մի բուռ կադրերի հույսին է մնացել իշխանությունը, իսկ թափուր մնացող շատ պաշտոններ այդպես էլ չեն համալրվում, ինչպես 3 ամիս է՝ վարչապետի խոսնակ չի գտնվում։ Կամ համալրվում են ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: Ինչպես հայտնի է, 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում: Նկատենք՝ նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն՝ կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միեւնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է ներկայացրել: Օրենսդրական փոփոխությամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Բայց, ինչպես ասում են, Ղազինյանից պրծում չկա, մինչեւ այս պահը «Հայաստան» դաշինքը չի քննարկել նոր թեկնածուի հարցը, դաշինքի մեր աղբյուրներն ասում են, որ անկախ հանգամանքներից եւ նոր օրենքից, իրենք Ղազինյանի թեկնածությունը չեն փոխելու՝ գնդակն ուղարկելով ՔՊ-ի դաշտը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանը հատկացվելու է 4 մլն դոլարին համարժեք դրամ: Այդքան գումարն անհրաժեշտ է «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում, այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» ծրագրի, «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսավորման շրջանակներում, այսինքն՝ այս գումարն ուղղվելու է դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպիսի գործերին: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում, սակայն չզեկուցվողների թվում է եւ հույժ գաղտնի կետեր է պարունակում:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պարբերաբար անդրադառնալու ենք հաճախակիացող այն խոսակցություններին, թե սուր շնչառական վարակների ակտիվացման հետ կապված՝ գուցե նպատակահարմար է ուսումնական հաստատություններում ընդհանրապես արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար՝ դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին: Թեմայի հետ կապված՝ նախորդ անգամ «Փաստը» ներկայացրել էր առողջապահական համակարգի մասնագետի տեսակետը, որը համաձայն չէր նման առաջարկին՝ նշելով, որ վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը, ուստի ուսումնական գործընթացը հունվարից հունիս տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվելու: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին խնդրեցինք կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ` կրթական տեսանկյունից: «Խորհրդային ժամանակներից սկսած՝ ամռանը ուսհաստատություններում երեք ամիս արձակուրդ ունեինք: Մինչդեռ, օրինակ, եվրոպական բուհերում, ուսհաստատություններում արձակուրդը տևում է 1,5 կամ 2 ամիս: Միևնույն ժամանակ, արձակուրդները հավասարաչափ բաշխվում են ուստարվա վրա: Արժե, որ մենք ևս գնանք նման փոփոխությունների, այսինքն` ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնենք ձմեռային արձակուրդներն ուսհաստատություններում: Նման փոփոխությանը դրական եմ վերաբերվում: Տեսեք` ամռանը երեք ամիս, ըստ էության, որևէ բան չենք անում, բայց մեր աշակերտներն ու ուսանողները շատ ինտենսիվ աշխատում են մյուս ամիսներին: Այնպես որ, կողմնակից կլինեի, եթե ամառային արձակուրդների կրճատման հաշվին երկարեցվեին մյուս արձակուրդները և բաշխումը մոտավորապես հավասար կլիներ տարվա ընթացքում, ինչը հիմքեր կստեղծեր կրթության արդյունավետության բարձրացման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Գյուղատնտեսության ոլորտում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել։ Անցած տարվա առաջին 9 ամսվա տվյալներով, չնայած ընդհանուր տնտեսական աճի տեմպերին, այս ոլորտում անկում է գրանցվել, բայց 2022 թվականի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Նախ՝ համաշխարհային շուկայում պարենային ապրանքների հսկայական գնաճ է նկատվում, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է դեֆիցիտ, որն առաջ է եկել ոչ միայն համաճարակային իրավիճակի ու մատակարարման շղթաների բնականոն ակտիվության խաթարման, այլև եղանակային պայմանների ու տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրման հետ։ Եվ չնայած մեր իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու մասին հավաստիացումներին՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել իրենց ագրեսիվ գործելակերպից ու Հայաստանի նկատմամբ շարունակում են բացահայտ թշնամական քաղաքականությունը, իսկ մեր երկրի հետ հարաբերությունները կարգավորելու հետ կապված նրանց հայտարարությունները ձևականություն են։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել սահմանին իրավիճակը սրելու հակառակորդի փորձերը։ Այդ իսկ պատճառով էլ ցանկացած պահի հնարավոր է նոր ռազմական բախում բռնկվի։ Ուստի, Հայաստանը ռազմական ներուժը վերականգնելու հետ մեկտեղ պետք է մեծ ուշադրություն դարձնի իր պարենային անվտանգությանը ու համապատասխան պաշարների առկայությանը՝ մանավանդ որ Արցախի հողերը Ադրբեջանին հանձնելու արդյունքում մենք Արցախից հսկայական քանակությամբ ցորեն և այլ պարենային ապրանքներ չենք ստանալու։


Իսկ գյուղատնտեսական մթերքների հետ կապված մեր երկրի պահանջները բավարարելու համար երկու տարբերակ կա։ Մի եղանակը ներկրումն է, իսկ մյուսը՝ սեփական արտադրության կազմակերպումը։ Բայց չպետք է հույսը դնել ներկրման վրա, քանի որ համաշխարհային պարենային շուկայում հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ, երբ գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերելու համար պահանջվեն ահռելի ֆինանսական միջոցներ։ Եվ Հայաստանն էլ այս պահին չունի այդքան ֆինանսական ռեսուրսներ և հազիվ դրսից վերցրած վարկերի հաշվին է ապահովում տնտեսական կայունությունը։ Ուստի առավել արդյունավետ է սեփական արտադրության խթանումը։ Դրանով պետությունը ոչ միայն իր պահանջները կարող է բավարարել, այլև, մեծ հաշվով, բնակչության զբաղվածության խնդիր լուծել ու նպաստել արտահանման աճին։ Բայց արտահանումը պետք է լինի խելամիտ չափի, որպեսզի նախատեսված քանակությունից շատ չարտահանվի՝ խնդիր ստեղծելով ներքին պահանջարկի ու անհրաժեշտ պաշարների բավարարման տեսանկյունից։ Սակայն, ինչպես երևում է, իշխանությունները չեն ըմբռնում այս խնդրի կարևորությունը, դրա համար էլ անցյալ տարի գյուղոլորտի անկման ֆոնին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հպարտանում էր, թե ռեկորդային չափով գյուղմթերք են արտահանել, որը գերազանցել է 200 հազար տոննան։