Ընդդիմությունը դեռ չի որոշել՝ կառաջադրի նախագահի թեկնածու, թե ոչ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միայնակ չի կարող առաջադրել իր թեկնածուին, դրա համար նա չունի անհրաժեշտ քանակի մանդատներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը կարող է իր թեկնածուին առաջադրել միայն միավորելով ջանքերը։ Ներկայումս անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ և այդ հարցի քննարկում, սակայն վերջնական որոշում չկա։ «Պարզ ասած՝ ես չեմ հաստատում, բայց չեմ բացառում թեկնածու առաջադրելու հնարավորությունը։ Ես չեմ կարող որեւէ անուն ասել։ Ասեմ միայն, որ մենք հիմա խորհրդակցությունների փուլում ենք», - վստահեցրեց պատգամավորը։
Վերադառնալով Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու պատճառներին՝ նա կրկին նշեց, որ հայտարարության մեջ նշված հիմնավորումներն անտրամաբանական է համարում, քանի որ Սարգսյանը ոչ միայն տեղյակ է եղել իր լիազորությունների շրջանակներին, այլև երդում է տվել Սահմանադրության վրա, որտեղ այդ շրջանակները գրված են եղել։
Ընդհանուր առմամբ, նշել է Մամիջանյանը, ներկայումս շրջանառվում են հրաժարականի պատճառների երեք վարկածներ. «Արմեն Սարգսյանը տեղյակ է եղել իր երկրորդ քաղաքացիության առկայության մասին նյութի մոտալուտ հրապարակմանը եւ հրաժարական է տվել արտասահմանից՝ պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանին սպասում են անընդունելի եւ վտանգավոր գործընթացներ, որոնց նա չի ցանկացել մասնակցել և անձամբ իր կողմից բերված պատճառները»:
«Ես չեմ բացառում վարկածներից ոչ մեկը, քանի որ այս փուլում այդ վարկածները բացառելու հիմքեր չկան», - հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ վարկածները չեն բացառում միմյանց։ Մամիջանյանն ընդգծեց, որ թվարկված բոլոր վարկածները չեն արդարացնում հրաժարականները և չեն տեղավորվում հայրենասիրության շրջանակներում։