24.11.2024
ԼՂ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի» հոգաբարձուների խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

ԵՊՀ-ի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։


«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։