Նախագահի հրաժարականը պետք է կարևոր ազդակ լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խաղացողների համար, քանի որ դա ենթադրում է իրավիճակի փոփոխություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Բոլոր կողմերը պետք է տեղի ունեցածը ճանաչեն որպես իրավիճակի փոփոխություն և իրենց գործողությունները հարմարեցնեն նոր իրողություններին»,- ասաց նա։
Միաժամանակ, Ղազինյանը իրականությանը չհամապատասխանող որակեց Արմեն Սարգսյանի այն հայտարարությունները, թե նախագահի լիազորությունները թույլ չեն տալիս ազդել գործընթացների վրա կամ իրական հակակշիռներ ձևավորել։
«Նախագահը անցած 1,5 տարում իրական հնարավորություններ է ունեցել կանխելու Սահմանադրության կոպիտ խախտումները՝ կառավարության մի շարք որոշումներ ուղարկելով Սահմանադրական դատարան։ Խոսքը, մասնավորապես, Մայր օրենքում վիճահարույց փոփոխությունների մասին է, ըստ որոնց՝ ՍԴ նախագահն ու ՍԴ մի քանի անդամներ կորցրեցին իրենց պաշտոնները։ Վստահեցնում եմ, որ եթե նախագահը այս հարցով դիմեր Սահմանադրական դատարան, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,- ասաց նա։
Ղազինյանը վստահ է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը կապված էր թե՛ արտաքին քաղաքական գործընթացների, թե՛ իշխանության ներքաղաքական վերաբաշխումների հետ, մասնավորապես, խոսքը սահմանադրական բարեփոխումներ իրակնացնելու իշխանությունների ծրագրերի մասին է։
Ընդդիմադիրը չի բացառում գործող իշխանության կողմից Սարգսյանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը:
«Չմոռանանք, որ ընդամենը մի քանի օր առաջ նա եղել է ԱՄԷ-ում, որտեղ խոսել է 200 մլն դոլարի ներդրման մասին և նշել, որ սա դեռ սկիզբն է։ Իսկ հիմա՝ մի քանի օր անց, նա հրաժարական է տալիս. սա չի կարող կասկած չհարուցել»,- ասաց Ղազինյանը։