Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ թեկնածու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում ՄԻՊ ընտրության հարցի քննարկումների ժամանակ։
Գրիգորյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն 2012 թվականին ընդունել է բանաձեւ, որտեղ սահմանվել է «քաղբանտարկյալ» հասկացությունը՝ սահմանելով մի տեսակ չափորոշիչներ, թե ով պետք է համարվի քաղբանտարկյալ, իսկ ով՝ ոչ։ Թեկնածուն թվարկեց որոշ չափորոշիչներ՝ նկատի ունենալով, որ այն դեպքերը, որոնք որպես երկրում քաղբանտարկյալների առկայության հիմնավորում ներկայացվեցին ընդդիմադիր պատգամավորների կողմից, չեն համապատասխանում դրանց։ Նա նաև հավելեց, որ մոնիթորինգի հանձնաժողովը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
"Ես համաձայն եմ այս եզրակացության հետ",- ասաց նա:
Սրան զուգահեռ՝ Գրիգորյանը համաձայնեց, որ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է ավելի հաճախ, քան անհրաժեշտ է ժողովրդավարական երկրին։ Նա նշեց, որ ընտրվելու դեպքում հետևողական է լինելու Քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման հարցում, որը նախատեսում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցների մշակում։