25.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Գործադիրը մերժել է նվազագույն աշխատավարձը 100 000 դրամ սահմանելու ընդդիմության առաջարկը

ՀՀ կառավարությունն, ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ նվազագույն աշխատավարձի շեմը 68 000 ՀՀ դրամից 100 000 ՀՀ դրամ սահմանելու առաջարկին, որոշել է նվազագույն աշխատավարձը թողնել անփոփոխ:


Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ, գրում է EconoMood-ը։ Ի թիվս այլ դիտարկումների, օրենսդրական նախաձեռնության մերժման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները՝


1. Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։


2. Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով:


3. Զարգացող երկրներում, որտեղ արտահանումը հիմնված է աշխատատար (labor-intesnive) ճյուղերի վրա, նվազագույն աշխատավարձի շեշտակի աճը կարող է հանգեցնել տնտեսության մրցունակության նվազմանը և արտահանման ծավալների կրճատմանը։


4. Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր:


5. Նախագծով առաջարկվող փոփոխության համար անհրաժեշտ բոլոր հաշվարկները ճշգրիտ և վերջնական արված չեն: