Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան
Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Այդ մասին կառավարության հունվարի 20-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարեկային ոստիկանության աշխատանքի մասին:
Նրա խոսքով, պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ: Ըստ այդմ նա որոշակի «աշխատանքային գաղտնիք բացահայտեց»:
Նա նկատեց, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարել են հատուկ պահպանվող տարածք:
«Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության: Կարծում եմ՝ սա շատ հիշարժան փաստ է: Համապատասխան տուգանքը վճարվել է ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ օրենքի խախտումը պետք է բերի պատասխանատվության, հակառակ դեպքում այն կարող է հասցնել օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության:
Նա նաև նկատեց, որ երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս կամ նոր ստանդարտով գործողություն է իրականացրել, արժանացել է խրախուսանքի: