25.11.2024
Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակել
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը նախարար Քերոբյանին քննադատեց իր ժամանակը կառավարելու անկարողության համար

Ազգային ժողովի հունվարի 19-նի նիստում ընդդիմությունը փոխել է քննադատության թիրախը: Եթե նախորդ օրերի նիստերին ընդդիմադիր խմբակցությունները քննադատում էին Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանին՝ քննարկման առարկա դարձնելով նա լիազորություններն ու Թուրքիայում մինչև 2018 թ. իրականացրած կրթական գործունեությունը, այժմ քննադատության էպիկենտրոնում է հայտնվել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Նախ Քերոբյանին հիշեցրեցին ամիսներ առաջ տված իր խոստումն այն մասին, որ 2021 թվականին երկնիշ տնտեսական աճի բացակայության դեպքում հրաժարական կտա, որին ի պատասխան նա հայտարարեց. «Դա կատակով է ասվել»:


Այնուհետև ընդդիմադիրները մատնանշեցին այն հանգամանքը, որ համաձայն Համաշխարհային բանկի ուսումնասիրության ՀՀ-ն նախկին խորհրդային հանրապետությունների շարքում գործազրկության առումով առաջինն է: «2020 թվականին արձանագրել է գործազրկության պատմական բարձր շեմ, սա է իրականությունը»,- հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:


Այնուհետև նա անդրադարձավ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած քննարկվող օրենքի նախագծին, որով առաջարկվում է խոշոր խանութներում առանձին դարակաշարեր ստեղծել բուսական յուղով կաթնամթերքի համար: Նապատակն է, որ սպառողները շփոթության մեջ չընկնեն: Ըստ այդմ ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Բուսական յուղով պատրաստված լինելը պետք է մակնշվի հենց ապրանքների վրա, քանի որ դրանց մեծ մասը վաճառվում է փոքր խանութներում և այնտեղ առանձին դարակաշարեր չի նախատեսվում»:


Ավարտելով խոսքը՝ պատգամավորը նախարար Քերոբյանին նախատեց, որ վերջինս «նույնիսկ իր աշխատաժամանակը չի կարողանում կառավարել»: Այսպես նա արձագանքեց Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե նա գործը թողել և եկել է ԱԺ, ինչպես նաև հիշեցրեց, որ արդեն երրորդ օրն է նախարարն ԱԺ-ում է: