25.11.2024
Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
prev Նախորդ նորություն

Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի` մանրածախ առեւտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երեւա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի նշումով:


Նախագծի նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է, այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը:


Նախարարը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի հետ: Առաջարկվել է սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի որոշակի մակերեսից մեծ տարածք ունեցող խանութներին` հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` առաջարկվող փոփոխությունը վերաբերելու է 200 քմ-ից ավելի տարածք ունեցող առեւտրի կետերին:


Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել առաջարկներին: Պատգամավորներից ոմանք առաջարկել են ոչ թե առանձնացնել կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութ պարունակող կաթնամթերքը, այլ արտադրողներին պարտադրել ապրանքի վրա մակնշել, թե որ կաթնամթերքն ինչ բաղադրություն ունի: Հետեւաբար, նախաձեռնությունը պետք է լրամշակել, կարծում էին նրանք:


Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է առաջարկներին` պատրաստակամություն հայտնելով մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել դրանք: