26.11.2024
Սահմանային վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով. Զաս
prev Նախորդ նորություն

Հայաստանը կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, մի բան էլ ավել. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, մի բան էլ ավել: Ուստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելիս հայտարարել, թե այն առանց նախապայմանների է ընթանալու՝ մեծ երեսպաշտություն է: Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:


Նախագահը հիշեցրեց, որ Թուրքիան մշտապես ունեցել է երեք նախապայման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: «Առաջին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերկանգնումը՝ ներառյալ Ղարաբաղը: Երկրորդ, յոթ շրջաների հանձնումն Ադրբեջանի: Երրորդ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մեծ էնտուզիազմ չցուցաբերել», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այժմ առաջ է եկել չորրորդ նախապայմանը՝ այսպես կոչված միջանցքի բացումը:


Նրա խոսքով, Հայաստանի գործող իշխանությունները կատարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները, մի բան էլ ավել:


«Նախ, պատերազմի հետևանքով վերադարձվել են յոթ շրջանները բոնուսով՝ Հադրութով և Շուշիով: Երկրի վարչապետը հայտարարում է, որ 2016 թ.-ից որևէ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղն Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար: Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ այդ խնդրից հրաժարում: Երրորդ, Հայաստանն այժմ այնքան թույլ է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ ջանքեր չի գործադրում: Այդ հարցը մնացել է Հայ դատի գրասենյակների ուսերին», - ասաց նա:


Ուստի նրա խոսքով, Հայաստանը կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները: «Մնացել է միջանցքի խնդիրը», - ասաց նա:


Նրա խոսքով, մտածել, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, կատարյալ հիմարություն է: "Հայաստանը փոքր և լեռնային երկիր է, որը հեշտ է շրջանցել և դժվար է երկաթուղի կառուցել", - ասաց նա՝ հավելելով, որ չկան հաշվարկներ այդ ապաշրջափակման քննարկումների տակ: "Ասում են երկաթուղին բացվելու է և Հայաստանը տարանցիկ երկիր է դառնալու: Սակայն Սադարակից թուրքական Իգդիր 84 կմ է և Թուրքիան հայտարարել է այն կառուցելու ծրագրերի մասին: Այստեղով մեզ շրջանցում են: Մենք առավելագույնը ստանալու ենք Սյունիքով 44 կմ տարնացման գումար", - ասաց նա՝ հավելելով, որ տարանցիկ ուղի դառալու մասին հայտարարությունները հեքիաթներ են: 


Հայաստանն Իրանի համար էլ չի կարող տարանցիկ ճանապարհ դառնալ: Նրա խոսքով, Իրանը Ռուսաստանի հետ կապվում է Ադրբեջանով: "Այդ երկու երկրների երկաթուղիները միանում են: Կառուցվում է երկաթուղի" - տեղեկացրեց նա: