ՔՊ-ականները վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ «ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը», «ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի է եւ վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։ Այդ մասին ելույթ ունենալով Երևանի ավագանու արտահերթ նիստին՝ հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկած «Իմ քայլը» ավագանու անդամների հայտարարություններին:
Նա կարծում է, որ անվստահության հիմքն այլ է և այն չէ, ինչ ներկայացնում են ՔՊ-ականները:
«Այս օրերին նախաձեռնության հեղինակները եւ նրանց կուսակցական ընկերներն ասում են նաեւ, թե Հայկ Մարությանը, այսինքն, ես, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ո՛վ է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։
2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ, մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները՝ 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, եւ այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են եւ իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ՝ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակվում էր տատանվել 30 %-ի սահմաններում», - նկատել է Մարությանը։
Նա պատասխանել է նաև հարցին՝ թե ինչու շուտ չի խոսել սրա մասին։ «Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում՝ տարբեր մակարդակներում։ Ոչ մի արձագանք։ Կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։
Բացի դրանից։ Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ ա գրել կամ «վատ» ստատուսի տակ լայք ա դրել, իրեն պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ ֆեյսբուքում չի սկսում ու վերջանում, հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ էստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած, մերժում էի բոլոր նման առաջարկները», - ասել է նա։
Բայց սա դեռ ծաղիկներն են, բութագրել է Մարությանը. «Հետո սկսեցին էլի, տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավել անենք, էս հողը ընդլայնենք եւ այլն։ Եվ բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում։
Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետեւ ես այդպիսի զանգեր, անկեղծ ասած, չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ եւ ՔՊ-ի միջեւ աշխարհայացքային խզումը»։
Ու հիմա այս մարդիկ, նշում է քաղաքապետը, ասում են՝ Հայկ Մարությանը հեղափոխությունից շեղվել է։ «Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար։ Պատկերանցում ե՞ք, մի երկիր, որը, կրկնում եմ, 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, դա պրեստիժ չի, հակառակը՝ դա մովետոն է, դա շատ վատ տպավորություն է թողում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում դրսում, այլ միայն տարակուսանք եւ քմծիծաղ», - նշել է նա։
Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշել, ընդ որում, առանց վարորդի: «Երբեք, երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չի, սա, ինչպես ասում են՝ լավ չի, սա նորմալ ա։ Որովհետեւ դա իմ համոզմունքն է ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Որովհետեւ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի՛ կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածի, սեփական կոմֆորտի մասին մտածի։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհողություն ու զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ։
Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները, ցավոք, չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արժեքներից», - նկատեց նա։
Նրա խոսքով հենց սա է հիմնական պատճառը, որ իմ եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կապը այդքան կարճ տեւեց։ «Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ այդ կուսակցությունից։ Ընդ որում, պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասեցի, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, եւ նոր, դեկտեմբերի 7-ին ներկայացրեցի կուսակցությունից դուրս գալու դիմումը», - ասել է նա։
Այնուհետև նշեց. «Սուրեն Պապիկյանին էլ դիմումը հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու՝ ոչ մի դեպքում։ Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, եւ նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց է հարմար եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին»։
Մարությանը նաև պատճառաբանում է, թե այս ամենի մասին ինչու մինչեւ հիմա չի խոսել։ «Ասեմ՝ լռել եմ՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար, ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին», - նկատել է նա։