Ասում են՝ Հայկ Մարությանը նախընտրական խոստումները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարեւոր է երեւանցիների կարծիքը եւ գնահատականը, եւ հատկապես վերջին օրերին երեւանցիներն իրենց գնահատականը շատ հստակ տալիս են, ինչի համար, ի դեպ, շատ շնորհակալ եմ, սիրելի երեւանցիներ։
Այդ մասին ելույթ ունենալով Երևանի ավագանու արտահերթ նիստին՝ հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկած «Իմ քայլը» ավագանու անդամների հայտարարություններին:
«Նախաձեռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը բավարար չեն։ Ուրեմն ասեմ՝ այս երեք տարվա ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Բացի դրանից, իրականացրել ենք 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում 10 գործ ուղարկվել է իրավապահներին։ Բացի այս ամենից, վարչական շրջանների աշխատակազմերն իրենց հերթին են տասնյակ դեպքեր բացահայտել։ Վստահաբար ասում եմ՝ քիչ կգտնեք գերատեսչություններ, որ իրենց համակարգի ներսում եղած կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ ավելի շատ նյութեր ուղարկած լինեն իրավապահներին, որքան մենք ենք ուղարկել։ Գնացեք, հարցրեք, վիճակագրություն ուզեք, տեսնենք, ով է ավելի լավ պայքարում կոռուպցիայի դեմ», - հայտնել է Մարությանը։
Նա ընդունել է նաև, որ կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ։ «Այո, կորցրել եմ։ Հիմա պատմեմ մի դրվագ՝ մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից մեկը, որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը Երեւանում եւ բոոլորս գիտենք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։ Այդ նպատակով, անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերեկու համար, որը կայացել էր, եւ պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեինք գնման համար։ Դա 2021 թվականի փետրվարն էր։
Ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել, եւ ավագանին ընդամենը պետք է քվեարկեր։ Եվ ահա, ավագանու նիստին նախորդող երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդամներ հրահանգել են, որ Իմ քայլը քվորում չապահովի։ Պարզ ասած, որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Մենք մեծ դժվարությամբ, զանգելով, բացատրելով կարեւորությունը, խնդրելով մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց այնուամենայնիվ, «Իմ քայլը» ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարեւորագույն որոշումը ընդունելու համար։ Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում։ Եվ որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր եւ անկախ անդամների ներկայության շնորհիվ՝ +1 ձայնով։
Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն, նեղ խմբակային շահը վեր են դասում համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունը ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք՝ բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք, 211 հատն էինք էդ պահին բերում, մնացածն էլ դուք բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք», - նկատել է նա։
«Այսքանից հետո, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ», - հավելեց Մարությանը։
Այնուհետև նա խոսեց այն մասին, թե ինչ ցածր մեթոդներով են «այս մարդիկ իրականացնում «իմպիչմենտի» գործընթացը»։
«Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել։ Մանիպուլացնում են, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու չեն նշում, որ դա օրինականացվել է կառավարության 912-Ն որոշման հիման վրա, որի դեմ մենք երեք տարի է պայքարում ենք, բայց կառավարությունը այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ; որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաեւ իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհեետեւ մենք ստիպված ենք շարժվել կառավարության որոշումներով։ Այնուհետեւ, դեզինֆորմացիայից ու մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները՝ ավագանու մի շարք անդամների ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք, եւ այլն։ Հին ու բարի մեթոդներով», - եզրափակել է Հայկ Մարությանը։